Փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի գերթանկարժեք գնումների մասին
«Երեւան քաղաքի նստարանները, որ փողոցներում դրված են, մեկ հատը գնվում է 160 հազար դրամով: Մեր փորձագետները գտնում են, որ դա փոխված գին է, կոռուպցիոն ռիսկեր կան»,- սրանից մոտ 2 տարի առաջ «Հոդված» 3 ակումբում այսպիսի հայտարարություն արեց վարչապետ, այն ժամանակ՝ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա հրավիրել էր ընտրողների ուշադրությունը այն փաստի վրա, որ այդ նստարանները ձեռք են բերվում մի ընկերությունից: Այդ ընկերությունը, Փաշինյանի տպավորությամբ, ստեղծված է հատուկ Երեւանի քաղաքապետարանին մատակարարումներ անելու համար: Արտադրվում է միայն այն, ինչ գնվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ նստարաններ, կանգառասրահներ, ուղեցույցներ, հասցեի ցուցանակներ եւ այլն. «Ես չեմ ուզում ասել, որ այդ ընկերությունը կզրկվի որեւէ մրցակցային հնարավորությունից, բայց ակնհայտ է, որ այստեղ շատ լուրջ խնայողություններ պետք է արվեն»:
Մենք նրանից հետաքրքրվել էինք՝ ձեր փորձագետները որքա՞ն են գնահատել այդ նստարանների գինը եւ «ատկատն», այսպես ասած, որքա՞ն է կազմում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ իրեն ասել են՝ նույն նստարանը կարող են կառուցել 65 հազար դրամով: Թե կոնկրետ որքան կլինի դրա արժեքը՝ Փաշինյանն ասաց, որ հիմա չի կարող ասել, բայց որ 30-50 տոկոսով ուռճացված է գինը եւ հաստատ 160 հազար դրամ չի՝ դա այդպես է:
Կարդացեք նաև
Եվ ահա մեր օրերում, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, Տարոն Մարգարյանն էլ հեռացել է, նույն նստարանները Հայկ Մարությանի ղեկավարած Երեւանի քաղաքապետարանը գնում է ոչ թե 160, այլ 164 հազար դրամով: Խոսքը «Երեւան» ձուլվածքով թուջե նստարանների մասին է:
Մամուլում արդեն Մարությանին քննադատում են գերթանկարժեք գնումների համար, նրա համար, որ միայն այս տարի նստարաններ գնելու համար հատկացվել է 80 մլն դրամից ավելի:
«Առավոտը» Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին հարցրեց՝ ձեզ քննադատում են, որ գերթանկարժեք գնումներ եք անում՝ նստարաններ ու աղբամաններ եք գնում բարձր գներով, դուք ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին: Նա պատասխանեց. «Այդ նստարանները գերթանկարժեք չեն, 164 հազար դրամը նստարանի համար չեմ կարծում, որ գերթանկարժեք է, գուցեեւ թանկ է: Թուջե նստարան է, եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ կահ-կահավորանք քաղաքում, որը մեզ պետք է երկարատեւ ծառայի, ապա պետք է դրա համար վճարենք: Ես կարծում եմ, գերթանկարժեք եզրույթը չի համապատասխանում այն իրավիճակում, երբ դա բացառապես գնման գործընթացի արդյունք է: Տեղի է ունեցել մրցույթ, նախանշվել է բնութագիր, այդ բնութագրին համապատասխան առաջարկը եղել է նվազագույնը, ընդ որում, մի մասնակից չի եղել: «Նիկոլ Դուման» ընկերությունը շահել է այդ մրցույթը, բայց գիտենք, որ եղել է եւս երկու մասնակից»:
Հիշեցնենք, որ սա նույն ընկերությունն է, որը Տարոն Մարգարյանի օրոք նույն նստարաններից վաճառում էր քաղաքապետարանին եւ Նիկոլ Փաշինյանն էլ քննադատում էր:
Հարցին՝ ասում եք՝ 164 հազար դրամը այդ նստարանների համար բարձր գին չէ, բայց Նիկոլ Փաշինյանը խոսում էր, թե ինչքան թանկ է վճարում Տարոն Մարգարյանն այդ նստարանների համար, ասում էր՝ 65 հազար դրամանոց նստարան է, հիմա ո՞նց հասկանանք նույն նստարանի համար ձեր վճարած 164 հազարը՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Մենք առնում ենք այն գնով, որով մեզ առաջարկում են գնման մասնակիցները: Հենց որ դուք կարողանաք այդ նստարանները, դրան մոտ կամ դրան համարժեք նստարան մեզ մատակարարել 20 հազար դրամով, մենք սիրով կտնտեսենք այդ միջոցները»: Դիտարկմանը, որ այն ժամանակ Տարոն Մարգարյանը նույնն էր ասում, բա ինչի՞ էիք ասում ատկատ է, կոռուպցիոն ռիսկ կա՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե Տարոն Մարգարյանն ինչ էր անում: Ես կարող եմ ասել, թե մենք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Վստահեցնում եմ, քաղաքապետարանի գնումների համակարգը չի կարող ասոցացվել որեւէ կոռուպցիոն սխեմայի հետ»:
Երբ հարցրեցինք՝ հեղափոխությունից հետո՞ էլ եք նույն ընկերությունից գնումներ կատարում, երբ այդ ընկերության հետ են կապվում քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը, քաղաքաշինության նախկին փոխնախարար, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ազնվությամբ, ես չգիտեի, թե ումն է, շնորհակալություն տեղեկավության համար, բայց իմ համար մեկ է, թե ումն է: Ամենեւին տարբերություն չկա, թե ում է պատկանում ընկերությունը»: Հարցին՝ այսինքն, կոռուպցիոն ռիսկ, «ատկատ» չկա՞՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Չի կարող կոռուպցիոն ռիսկ լինել Երեւանի քաղաքապետարանի որեւէ գնման գործում»:
Մեր դիտարկմանը, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գտնում է, որ գնման այդ պայմանագրում խնդրահարույց դրույթներ կան՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Այդ խնդրահարույցները, կարծում եմ, պարոն Խաժակյանի անձնական դիրքորոշումն են, որը չի կարող ընկալվել որպես հանրային տպավորություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2019
Շրջեք քաղաքում ու կտեսնեք բազմաթիվ կոտրված և արտաքին տեսքը կորցրած նստարաններ: Այսինքն նրանք չեն ապահովում նաև անհրաժեշտ որակ: Իսկ գինը կարելի է հանգիստ ստուգել հինգ րոպեում: Այդ պայմանագիրը պետք է վերանայել,,,