Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքվի ու Անկարայի աշխուժության ու ոգեւորության դոզան Կրեմլին դուր չեկավ

Նոյեմբեր 07,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Կրեմլը հակված չէ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ազատ գործելու ու հավակնությունների ցուցադրման հետ հաշտվել

Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները ժամանեցին Բաքու, որտեղ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն էր, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի պաշտպանության նախարարները:

Ռուսաստանյան գործակալությունները հղում կատարելով պաշտոնական հաղորդագրություններին, հայտնում էին, որ պաշտպանության նախարարները քննարկելու են ռազմական համագործակցությանը եւ առկա խնդիրներին առնչվող հարցեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երեւանից ժամանեց Ադրբեջան, որտեղ էլ իր նախագահությամբ կանցավ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության համալիր հարցերն էին:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական բանակցություններին, ապա հայտնի է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ռուսաստան-Թուրքիա հուշագիրը Սիրիայի վերաբերյալ, որը ստորագրվել է Սոչիում երկու պետությունների ղեկավարների կողմից, առանց դժվարության չի իրագործվում, բայց դա է հանրապետության ինքնիշխանությունը պահպանելու միակ միջոցը»։

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է. «Ռուսաստանն այսօրվա դրությամբ ձեռք է բերել հսկայական փորձ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Փորձ, որը մենք պատրաստ ենք կիսել մեր գործընկերների հետ։ Դա վերաբերում է ե՛ւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերին, ե՛ւ հումանիտար աջակցությանը՝ ականազերծմանը, բուժօգնությանը եւ այլն»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ ընդունել էին հուշագիր՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունների մասին։

Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Պաշտպանության նախարարները, ըստ լրատվական գործակալությունների՝ քննարկել են ռազմական համագործակցության ներկա վիճակը:

Հետաքրքրականն այն է, որ Շոյգուի այցը նշանավորվեց Հայաստան-Ադրբեջան սահմանային որոշակի լարվածությամբ: Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակում էր Տավուշի մարզի գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:

Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները Ադրբեջանի իշխանությունների համար, ըստ ամենայնի, որոշակիորեն զայրացնող են, որովհետեւ վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահը առիթը բաց չէր թողնում Պուտինի ներկայությամբ ընդդեմ Հայաստանի քննադատական ելույթներ ու մեղադրանքներ  հնչեցնել՝ վստահաբար, ակնկալելով աջակցություն ստանալ:

Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը նաեւ ավելի լայն կտրվածքով՝ տարածաշրջանային առումով, որոշակի անհանգստություններ ունի՝ արդեն Թուրքիայի անթաքույց ակտիվության, Իրանի շուրջ զարգացումների առումով: Այսպես ասած՝ մեր տարածաշրջանում «ձեռքը զարկերակի վրա պահելն» այսօր առավել քան անհրաժեշտ է Մոսկվայի համար:

Երեւանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ուշագրավ դիտարկումը, թե՝ «Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտունակ է եւ պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին», վստահաբար, պրոտոկոլային-հերթապահ հայտարարություն չէր: Նման արձանագրում անելու համար, ակնհայտորեն, Ռուսաստանն ուներ ծանրակշիռ պատճառներ:

Մյուս կողմից՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկությունն էլ իր հերթին հունից հանել է Թուրքիայի իշխանություններին: Այդ բանաձեւի ընդունումից հետո ոչ միայն Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը, այլեւ՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ու խորհրդարանի պատգամավորներ նոր թափով են լծվել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցում աջակցելու բոցաշունչ ելույթների տարածմանը:

Այսինքն, բոլոր կողմերից հարձակումն ընդդեմ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր՝ Հայաստանի, կարելի է ենթադրել, որ դուր չի եկել Կրեմլին: Մոսկվայում, ըստ ամենայնի, հակված չեն Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ աստիճանի ազատ գործելու ու հավակնությունների դոզայի ցուցադրման հետ հաշտվելուն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930