Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի անհեթեթ պատմություն 15 ամյա աղջկա պատճառով». դանակահարված պատանու հարազատը մանրամասներ է պատմում

Նոյեմբեր 06,2019 23:03

2019 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների հատման վայրում տեղի ունեցած վիճաբանությունից տուժած 15 ամյա Նարեկը դեռ չի ապաքինվել: Դեպքի օրը դանակի մի շարք հարվածներ ստացած պատանին երկու վիրահատություն է տարել:

Հիշեցնենք, որ  2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ «համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, արյունահոսող, կրծքավանդակի և որովայնի խոռոչ թափանցող վերք՝ ստոծանու աջ գմբեթի և լյարդի աջ բլթի վնասումով» իրենց մոտ բուժօգնության է դիմել պատանի՝ ծնված 2004թ., իսկ րոպեներ անց նույն ԲԿ է տեղափոխվել նաև 2003թ. ծնված մեկ այլ դպրոցահասակ տղա՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ:

Նարեկի հարազատներից Ք. Պ-ն Aravot.am-ին պատմեց, որ իրականում վիճաբանություն էլ տեղի չի ունեցել, Նարեկի ծանոթներից Դավիթ Սարգսյանը դեպքի օրվանից մեկ օր առաջ խնդրել է Նարեկին իր հետ գնալ զրուցելու սիրած աղջկա եղբոր հետ: Մեր զրուցակցի խոսքով, Դավիթը Նարեկին չի պատմել, որ սիրած աղջկա եղբոր հետ հեռախոսով տհաճ խոսակցություն է ունեցել ու հնարավոր է հանդիպումը վիճաբանության վերածվի: Հանդիպմանն էլ Դավիթի սիրած աղջկա եղբայրը մենակ չի գնացել, այլ՝ ընկերներով, նրանցից մի երիտասարդ, մեր զրուցակցի խոսքով, դանակահարել է Նարեկին, դանակի մի քանի հարված էլ ստացել է Նարեկի ընկերներից Գագիկը, որը դեպքի վայրում հայտնվել է Նարեկին մենակ չթողնելու համար:

«Այդ տղաները երկու հոգի են լինում, Նարեկենք՝ երեք հոգի, զրուցելու եկած տղաները հանդիպման վայրում առաջարկել են քայլել մի քիչ առաջ, խոսեն, Նարեկը վստահ է եղել, որ ոչ մի վատ բան չի լինելու ու քայլում են առաջ, քայլելու ընթացքում եկած տղաները դառնում են երեքը, մի քիչ առաջանալուց հետո այդ տղաներից մեկը շրջվում է, հարցնում՝ ում հետ ենք հեռախոսով խոսել, ով է Դավիթը, Դավիթն ասում է՝ ես, այդ տղան սկսում է միանգամից խփել Դավիթին, Նարեկն ու Գագիկը փորձում են պաշտպանել, այդ ընթացքում ինչ-որ մեկը Նարեկին կողքի է քաշում ու սկսում հարվածել, Նարեկը հրում է իրեն խփողին ու շրջվում, որ Գագիկին պաշտպանի, իսկ Դավիթին չի էլ տեսել, թե դեպքի վայրից ինչ է եղել: Այդ ընթացքում, երբ Նարեկը շրջվել է օգնելու Գագիկին, մի տղա դանակ է բացել ու ընկել Նարեկի հետեւից, դանակից վախեցած Նարեկը փախել է դեպքի վայրից ու չի զգացել, որ արդեն դանակահարված է»,- պատմեց Նարեկի հարազատը:

Նա պատմեց, որ դանակահարության մեջ մեղադրվողի խափանման միջոց կալանքը մեկ միլիոն դրամի դիմաց փոխվել էր, սակայն իրենք բողոքարկել էին դատարանի այդ որոշումը ու իրենց բողոքը բավարարվել էր, դանակահարության մեջ մեղադրվողը կրկին կալանքի տակ է:

Նարեկի հարազատները զարմացած են, որ այս դեպքով հարուցված քրեական գործով վիճաբանության կազմակերպիչները կարգավիճակ չունեն:

«Իրականում ով որ եկել է կռվի, իրենք դրսում են, իսկ իրենց բերած տղաները դարձել են տուժող ու մեղադրյալ, մի անհեթեթ պատմություն 15 ամյա աղջկա պատճառով: Ցավալի է, որ Դավիթի ընտանիքի անդամները բացարձակ չեն ափսոսում կատարվածի համար: Մեզ նյութական փոխհատուցում պետք չէ, մեզ համար բարոյական աջակցությունն էր պետք, ինչը չստացանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930