Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկի մայրը վարակի փոխանցման վարկած ունի. «Կասկածում եմ պլազմայից է անցել»

Նոյեմբեր 06,2019 21:21

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկը դեռ «Արաբկիր» բժշկական կենտրոնում է: Փոքրիկի մայրն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ոչինչ չի ուտում,  միայն «զոնդով» կաթ են տալիս եւ հակառետրովիրուսային դեղորայքն է ընդունում:

Մայրը մեզ պատմեց, որ երեխան մայիս ամսին միանգամից 40 աստիճան ջերմել է, անմիջապես տարել հիվանդանոց. «Տարանք Աշտարակի հիվանդանոց, ցան կար, բժշկուհին ասաց՝ տարեք Երեւան ինֆեկցիոն հիվանդանոց: Տարանք ինֆեկցիոն, հետո ասացին տարեք արյունաբանական, ստեղ էլ ասացին մեր հիվանդը չի, տարեք Արաբկիր: Բայց արյունաբանականում հուլիսին, որ պառկել էինք, ՄԻԱՎ-ի անալիզ են վերցրել, բացասական է եղել պատասխանը: Ամենասկզբից ոչ ոք չի կասկածել ՄԻԱՎ: Ես չգիտեմ՝ երեխաս ո՞ր հիվանդանոցում է վարակվել: Արյունաբանականում պառկել է, ինֆեկցիոնում պառկել է, Ծերեթելիում (սուրբ Աստվածամայր ԲԿ, Ն.Բ.) պառկել է: Ես ինքնակամ չեմ տարել, հիվանդանոցները: Էս հիվանդանոցից ասում էին՝ տարեք ընդեղ, ընդեղից ասում էին՝ տարենք էնտեղ: Վերջում ուղարկեցին Արաբկիրի հիվանդանոց, էստեղ էլ 2 ամիս պառկեցինք, իմունիտետի խնդիրն էին կարգավորում, հետո բժիշկուհին ասաց՝ ՄԻԱՎ անալիզ հանձնենք: Հանձնեցինք, դրական պատասխան եկավ: Ասում եմ՝ ինչպե՞ս եղավ, որ մյուս հիվանդանոցներում բացասական է ցույց տվել, ձեզ մոտ՝ դրական: Բժշկուհին պատասխանեց՝ այդ հիվանդանոցի թեսթերը զգայուն չեն եղել: Բայց ոնց կլինի՞ , որ արյունաբանականի թեսթերը զգայուն չլինեն, մեծ կենտրոն է: Ես հիմա չգիտեմ՝ գլուխս որ պատովը տամ»:

Փոքրիկի մայրն ասաց՝ այն հիվանդանոցներում, որտեղ պառկել են, ներարկիչների ասեղներն իր աչքի առաջ են տուփից բացել եւ օգտագործել, մայրը բացառում է ասեղի միջոցով վարակի փոխանցումը, բայց այլ ենթադրություն ունի.«Իմ երեխան նաեւ վերակենդանացման բաժանմունքում է պառկել, այնտեղ հարազատների մուտքն արգելված է: Ես ինչ իմանամ՝ ինչ են արել: Վարկած ունեմ, որ պլազմայից  անցած կլինի: Հո օդից չեկա՞վ վարակը: Մեր ընտանիքում վարակ չկա, հետազոտվել ենք: Ես երկու երեխաներիս կեսարյան հատմամբ եմ ունեցել, 9 ամիս հղիությունս հսկվել է, ՄԻԱՎ-ի անալիզ էլ եմ տվել, բացասական է եղել: Իմ երեխան դեկտեմբերին կդառնա  2 տարեկան, մայիս ամսից կոտորվում ենք մինչեւ հիմա, տառապում ենք, չեմ էլ կարում պատմեմ՝ ինչ ահավոր տանջանք է: Գրկի երեխա է, որտեղի՞ց կպավ վարակը: Չնայած հույս չունեմ, բայց ուզում եմ բացահայտվի, ուզում եմ մեղավորները պատժվեն, որովհետեւ ես վախենում եմ մյուս երեխաների համար: Հիմա մյուս երեխաս բա որ ջերմի ու տանենք հիվանդանոց ու պետք լինի արյուն ներարկել, ու էդ վարակն արյան միջոցով է փոխանցվում… դուք պատկերացնո՞ւմ եք մեր վախը, մեր ապրումները»,-ասաց փոքրիկի մայրը:

Մայրը նաեւ ասաց, դեռ պարզ չէ, թե երբ փոքրիկի վիճակը կկայունանա եւ տուն կգնան.«Բժիշկներն ասում են՝ չգիտենք՝ ինչ կլինի»:

«Արաբկիր» ԲԿ-ի տնօրեն Արա Բաբլոյանն օրերս  ասել էր. «Մեր կենտրոնում հայտնաբերվել է վարակը, մնացածը հետազոտում են՝ որտեղից է երեխան վարակը վերցրել: Երեխան բազմիցս հետազոտվել է ու վարակը չի հայտնաբերվել, որովհետեւ չեն կարողացել հայտնաբերել: Մենք հետազոտել ենք ամենաարդիական մեթոդներով ու հայտնաբերել ենք: Ինքը մեզ մոտ եկել է որպես իմունային անբավարարությամբ հիվանդ, ծանր վիճակում…Ոչ մի բան չեմ կարող բացառել, որովհետեւ պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է: Ո՞նց կարող եմ ես միայնակ որոշում ընդունել»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ փոքրիկի վարակվելու հավանականության մասին ասել է.«Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում բուժում է ստացել: Հնարավոր է, որ դա բժշկական կենտրոնում էլ տեղի ունեցած չլինի: Հաստատվել է միայն, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ: Կարող է կենցաղային պայմաններում է վարակվել, ոչ ծնողներից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    People! and Առողջապահության նախարար Արսեն Թորոսյա՜ն
    HIV is only transmitted through blood, semen, vaginal fluid or breast milk.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930