Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Շվեդիայի խորհրդարանում ԱլԳ տասնամյակին նվիրված թեմատիկ քննարկմանը, որը կրում էր «Խորհրդարանների և խորհրդարանականների դերը, երկխոսությունը և բազմակարծությունը ժողովրդավարությունում․ ուղենշելով ԱլԳ օրակարգը» խորագիրը։
Իր ողջույնի խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանին և Շվեդիային Արևելյան գործընկերության գաղափարական ծնունդի հիմնասյունում կանգնած լինելու և այն առաջնորդելու համար։
Անդրադառնալով Արևելյան գործընկերության տեսլականին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, կարևորեց նման ձևաչափով քննարկման անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու Եվրոպայի ներկայիս ընկալմանը. «Արևելյան գործընկերությունը հարևանության քաղաքականության մասն է: Այն Եվրոպայի հարևանությու՞նն է, թե՞ Եվրոպայի մասը: Արդյո՞ք այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Սա է մեր նախընտրածը. մենք գերադասում ենք տեսնել այն որպես կարևոր, լրացուցիչ հարթակ, որտեղ մենք՝ Եվրոպայի արևելքի, Եվրոպայի արևելյան հատվածի վեց երկրների ներկայացուցիչներս, աշխատում ենք Եվրոպական Միության հետ, վերջինիս անդամ պետությունների հետ, և, իհարկե՛, սա նաև համալրում է ԵՄ հետ երկկողմ ձևաչափով մեր աշխատանքները:
Արևելյան գործընկերության առանցքում ընկած են ընդհանուր արժեքները, այն, թե ինչպես ենք դիտարկում մեր հասարակությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տեսանկյուններից: Եվ գալիք տասը տարիների ամենակարևոր նպատակն է Արևելյան գործընկերությունը հենց այդ հիմքերի վրա պահելը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավվածությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց կին խորհրդարանականների ներկայությունն այս քննարկմանը և ընդգծեց, որ տարբեր ոլորտներում կանանց, ինչպես նաև երիտասարդների ակտիվ մասնակցության ապահովումը Հայաստանի և, ընդհանուր առմամբ, Արևելյան գործընկերության երկրների առաջնահերություններից մեկն է։
ՀՀ ԱԳՆ