Մի քանի օր է՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում։ Պալատի մի քանի աշխատակիցների սենյակներ են հատկացվել քաղաքապետարանի շենքում, որն էլ դարձել է Գյումրիով մեկ խոսակցության թեմա առ այն, թե նոր իշխանությունները Սամվել Բալասանյանին «մանրադիտակի տակ են պահում»․ գործերն են «քրքրում»:
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ հերթական ստուգումներն են իրականացվում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից։ Նշենք, որ պլանային ստուգումներ իրականացվում են երեք տարի մեկ անգամ։
ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական էջում էլ, որտեղ տեղադրված է 2019 թվականի գործունեություն ծրագիրը, և ներկայացած է, թե որ կառույցներում են ստուգումներն ավարտվել, որտեղ են ընթացքի մեջ, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, գիտության կոմիտեի և այլնի կողքին որպես հաշվեքննության օբյեկտ՝ նշված է նաև Գյումրու համայնքապետարանը։
ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ստուգվում է համայնքային բյուջեի միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումն ու համայնքային սեփականության օգտագործումը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ