Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:
Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: «Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ