Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պարոն վարչապետ,
Գիտության պրոբլեմների մասին իմ բոլոր առաջարկ-դիմումները՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահին և ԲՈԿ՝ մնացին անպատասխան: Հասկանալով, որ «բաց նամակ» ժանրը վերածվել է «գործ տալու» պրոցեսի՝ միևնույն է դիմում եմ այս ձևաչափով:
Տասնամյակներով կուտակված պրոբլեմները, որ կան գիտության մեջ, ձեր թիմը սկսեց լուծել «գրագողության դեմ պայքարով»: Մի կողմ թողնելով իմ կարծիքը, ինչը չհետաքրքրեց ձեր թիմակիցներին, պարզապես կարճ ասեմ՝ չեմ հավատում:
Կարդացեք նաև
Մի պարզ, նույնիսկ գիտությունից ոչինչ չհասկացող մարդու համար հասկանալի պատճառով: ՀՀ գիտությունը առ այսօր ղեկավարող և բոլոր ֆինանսներին տիրապետող գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահը գրագող է: Սամվել Հարությունյանի գրագողության մասին նյութերը ուղարկել եմ թե հին, թե նոր իշխանություններին: Բազում թերթային հոդվածներում գրել եմ դրա մասին: Նույնիսկ որոշ հոդվածներ հատուկ վերնագրել եմ՝ հայտարարություն հանցագործության մասին: Ոչ մի արդյունք:
Դուք վերանշանակում եք Սամվել Հարությունյանին ԳՊԿ նախագահի պաշտոնում: Վերջերս, գյուղական ինքնագործունեություն հիշեցնող դատավարությունը Դանիել Իոաննիսյանի դեմ, որը հաղթեց Սամվել Հարությունյանը՝ ավելի ամրապնդեց նրա դիրքերը: Գտնելով «մանկամիտ» մեղադրանք իր հասցեին՝ նա դատի տվեց և հաղթեց: Եվ ոչ մի անգամ չհամարձակվեց պատասխանել իմ մեղադրանքներին՝ չնայած հոխորտում էր, որ դատի է տալու:
Եթե գրագողության դեմ պայքարը գլխավորում է գլխավոր գրագողը՝ ես չեմ հավատում այդ պայքարին: Պայքարի խաբկանքը անգործությունից ավելի վտանգավոր է:
ՀՀ քաղաքացի Սասուն Գևորգյան, (Թայվանից)
«Առավոտը» պատրաստ է հրապարակել նաեւ Սամվել Հարությունյանի պատասխանը: