Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու պետք է հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին

Նոյեմբեր 06,2019 15:16

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է: Նրա խոսքով՝ «Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում…»:

Այսօր այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաճելի չէ, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին. «Ամեն դեպքում, սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ ու պետք է հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ: Եթե նման դրսեւորումներ կան, բնականաբար, այդ դրսեւորումները պետ է կանխվեն ու համարժեք պատասխան ստանան»:

Հարցին՝ ասում եք պետք է հետքերով գնալ, բայց Սարհատ Պետրոսյանի խոսքից պարզ է, որ արդեն քննարկվել է այդ հարցը մինչեւ նրա հրաժարականը ու պարզ է, որ չի հաջողվել Պետրոսյանին կանխել այդ գործընթացները՝ Թունյանը պատասխանեց, որ ինքը հրաժարականից հետո ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր բոլոր խնդիրները ու այդ հարցում ավելի տեղեկացված չէ, քան լրագրողները, թե դրանից դուրս աշխատանքային հարաբերություններում ինչ է եղել,  չի կարող պատասխանել:

Հարցրեցինք՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ «նոր Հայաստանում» առանց մրցույթի մի ընկերության, որը, ինչպես պարզվում է, Ավինյանի խորհրդականին է պատկանում, հանձնվում են շենք կառուցելու բոլոր լիազորությունները, իրավունքները, փաստորեն, «հին Հայաստանի» մեթոդներով՝ Թունյանը պատասխանեց. «Հին Հայաստանի մեթոդով կլիներ, եթե այդ շենքը կառուցված լիներ ու ակնհայտ շահերի բախում ունենայինք: Նոր Հայաստանի տարբերությունը հին Հայաստանից այն է, որ այս տիպի հայտարարությունների դեպքում դրանք օդում չեն մնալու, համարժեք քայլեր կկիրառվեն: Հիմա դուք մենակ մի կողմին լսել եք, պետք է մյուս կողմի կարծիքն էլ լսեք ու մյուս կողմի կարծիքը ինձ էլ է շատ հետաքրքիր: Մինչեւ մյուս կողմին չլսեք, մինչեւ ամբողջական պատկերը չհասկանաք, ոչինչ չեք իմանա»:

Դիտարկմանը, որ Տիգրան Ավինյանի շուրջ անընդհատ նման պատմություններ են լինում, ինչո՞վ է սա պայմանավորված՝ Թունյանը պատասխանեց. «Որովհետեւ Տիգրան Ավինյանը ՀՀ փոխվարչապետն է: Իմ անունն էլ է պտտվում Ամուլսարի համատեքստում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930