Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության հակառակորդը կառավարությունն է. Արթուր Իշխանյան

Նոյեմբեր 06,2019 15:05

Այն, որ առնվազն 20 տարի շարունակ, ամեն տարի, պետական բյուջեի քննարկման ժամանակ, գիտնականները հավաքվել են, գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկներ ներկայացրել, իրավիճակը ներկայացրել, բայց ոչինչ չի փոխվում՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության հեղինակ Արթուր Իշխանյանին հիմք է տալիս այլեւս ոչ թե առաջարկել կառավարություններին, այլ պահանջել նրանցից:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը միջամտեց`պահանջ-առաջարկ:

Արթուր Իշխանյանը չհամաձայնեց, քանի որ առաջարկները նախկինում բազմիցս են հնչել եւ անտեսվել են: Հիմա ինքը պահանջում է կառավարությունից:

Հիշեցնենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել` «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:

Արթուր Իշխանյանն ասաց`20 տարիների եւ բոլոր կառավարությունների հետ քննարկումների արդյունքն այն է, որ «գիտությունը գտնվում է ամենավատ վիճակում»։ Սա, ըստ բանախոսի, նշանակում է, որ ինչ-որ մի մակարդակից հետո սկսվում են բարիկադներ. «Բարիկադներից այն կողմ կանգնած է հակառակորդ, որն այդ ամենին ընթացք չի տալիս։ Եվ այդ հակառակորդը մեր կառավարությունն է, բոլոր կառավարությունները, որովհետեւ բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունքը մեկն է․ այն, ինչ մենք ունենք․․․ Ուստի եկեք հասկանանք, որ մեր կառավարությունը՝ ներկա կառավարությունը, ես դա ցավով եմ ասում, իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, ոչ որպես գործընկեր»։

Մեկ նախադասությամբ, Արթուր Իշխանյանն այսպես է բնութագրում հայաստանյան գիտության վիճակը. «Մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ եւ գնում է մահվան»։ ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ նրա ևս, մեր գիտությունը միշտ պահվել է գոյատեւման ռեժիմում, արդյունքում ունենք գիտնականների թվի սարսափելի կրճատում, գիտության ընդհանուր ծերացում, ենթակառուցվածքները մաշված են, գիտական հանրությունը՝ հոգնած: Նա համամիտ չէ եւ մոլորություն է համարում այն, որ երիտասարդներին պետք է բացատրել գիտության կարեւորությունը. «Ոչ մեկին ոչ մի բան պետք չէ բացատրել, բոլորը շատ լավ հասկանում են, եւ այն կառավարությունը, որին պետք է բացատրել գիտության կարեւորությունը, այդ կառավարությունը ոչինչ չարժի։ Չի կարելի ստանձնել ոլորտի կառավարումը, չգիտակցելով դրա կարեւորությունը»։

Իսկ գործող կառավարությունից Արթուր Իշխանյանի պահանջները հետեւյալն են. ԱԺ նախագահից եւ  վարչապետից` սահմանել գիտության համար ամենամյա դրամական մրցանակներ. «Օրինակ, դա կարող է ուղղվել հասարակագիտության ոլորտում միջազգային տպագրությունների համար։ Դա կլինի քայլ, որով կաջակցեն գիտությանը հասարակագիտության ոլորտում։ Կամ ցեղասպանագիտության, տնտեսագիտության կամ դիվանագիտության»։

Քննարկմանը ներկա երիտասարդ գիտականներն էլ առաջարկում էին հարցը ոչ թե գիտնականների հետ քննարկել, այլ պետությունը պետք է այս ոլորտում իր նպատակները սահմանի` պատկան նախարարությունների հետ քննարկված ծրագրով ներկայանա գիտնականներին`ն երկայացնելով իր տեսլականները: Առաջարկ եղավ նաեւ անցնել կապիտալիստական հասարակարգում առկա մեթոդներին, քանզի «սովետական համակարգով» հնարավոր չէ գիտություն զարգացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930