Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականին գիտության բյուջեն 7 տոկոսով կրճատելը «սարսափելի» հետեւանք թողեց. Սամվել Հարությունյան

Նոյեմբեր 06,2019 14:10

«Խորհրդային միության փլուզումից հետո գիտական հիմնարկների թվաքանակը գրեթե չի փոխվել, բայց ունենք սարսափելի փոքր բյուջե, հնամաշ սարքավորումներ»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

2015-ին`2011-ից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի գիտական գերակայությունները սահմանվեցին: Դրանք թարմացվում են հինգ տարին մեկ: Հերթականը ներկայացված է կառավարությանը, այն դեռ չի հաստատվել: Այսօր 6 հազար 50 մարդ է ֆինանսավորվում կոմիտեի կողմից, որոնցից 4 հազարից մի քիչ ավելը գիտաշխատողներ են: Սամվել Հարությունյանը նկատեց, որ վերջին տարիներին երիտասարդ գիտաշխատողների թիվն ավելացել է եւ մինչեւ 35 տարեկանների շրջանում բավականին դրական դինամիկա կա`շնորհիվ մի շարք ծրագրերի, որոնց իրականացման առումով Հայաստանը տարածաշրջանում բացառիկ  երկիր է: 35-55 տարեկանների թիվը 16 տոկոս է, ԽՍՀՄ-ում այս տարիքային խմբում 50 տոկոսից ավել է եղել գիտնականների թիվը: Այս վիճակագրությունն, ըստ բանախոսի, փաստում է մեկ բան. մենք երիտասարդական ծրագրերի շնորհիվ պատրաստում ենք որակյալ կադրեր, հետո, նրանք տպագրվում են միջազգային հեղինակավոր պարբերականներում եւ տարբեր երկրներից առաջարկ ստանում`բարձր աշխատավարձերով, ու հեռանում են Հայաստանից: Հաջորդ խնդիրը`65 տարեկանից բարձր տարիքի գիտնականներն են: Նրանց թիվը 28 տոկոսի է հասնում: Սամվել Հարությունյանը նրանց անվանեց «սովետական ռեսուրս», որը սպառվելու է, քանզի կան տվյալներ, որ տարեկան 200-300 մարդ մահանում է այս տարիքային խմբում`բնական մահով, բայց նրանց տեղը չի համալրվում:

2017 թվականին գիտության բյուջեն 7 տոկոսով կրճատելը, ըստ բանախոսի, «սարսափելի վատ» հետեւանք թողեց: Այդ ժամանակվա թվերով դա մեկ միլիարդ դրամ էր կազմում: Օրինակ, տարեկան մոտ 400-500 շրջանավարտ էր հնարավոր լինում ընդունել աշխատանքի, մինչդեռ բյուջեի կրճատման արդյունքում այդ երիտասարդների զբաղվածության հարցը հնարավոր չի եղել լուծել, նրանք էլ հեռացել են Հայաստանից: Բաց այդ, մահացած մարդկանց փոխարեն գիտական հիմնարկները նոր մարդկանցով չեն համալրվում, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են, եւ այդ հիմնարկների ղեկավարները տվյալ գումարներն ուղղում են աշխատավարձերի բարձրացմանը: Դա էլ պատճառ է դառնում, որ գիտաշխատողների քանակը տարեցտարի պակասի: Արդյունքում, մտավախություն կա, որ գիտական դպրոցներ կկորցնենք, իսկ դրանք վերականգնելու համար հետագայում կպահանջվի տասնամյակների աշխատանք եւ հսկայական գումարների ներդրում:

Սամվել Հարությունյանն առաջարկում է թեմատիկ ֆինանսավորման ծավալներն ավելացնել, քանի որ դիսերտացիաների մեծ մասը, ինչպես վերլուծությունն է ցույց տալիս, հենց դրա շրջանակներում է լինում: Նա նաեւ ներուժ է տեսնում`գիտությունը ռազմարդյունաբերության մեջ կիրառելու մասով. ռազմական ծախսերը գիտության ոլորտում աճել են, այսօր դրանք մոտ չորս միլիարդ դրամ են կազմում:

Սամվել Հարությունյանը նաեւ ասաց, որ գիտության կոմիտեն պատրաստվում է մշակել մի առաջարկ, որով հնարավորություն կտրվի գիտական ֆունդամենտալ հետազոտությունների համար Հայաստան եկող սարքավորումներն ազատել մաքսատուրքից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930