Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Բիլյանը ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու վայրում ֆիզիկապես չի եղել». Վարուժան Ավետիսյան

Նոյեմբեր 06,2019 13:41

«Արմեն Բիլյանը ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու վայրում ֆիզիկապես չի եղել, նրա ձեռքին զենք չի եղել, այլ երկաթի կտոր: Գիտեմ, որ Բիլյանն այդ պահին եղել է հսկիչ-անցագրային կետի տարածքում»,-2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունքի ընթացքում հայտարարեց գործով մեղադրյալ, խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ խմբի անդամներից Արմեն Բիլյանին է առաջադրված ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեղադրանք:

«Ինձ համար ակնհայտ էր, որ Մկրտչյանը միայն ձեռքից էր վիրավորված: Մարմնի վրայի հետքերը հաշվի առնելով եմ ասում: Բավականին ուժեղ ցավ էր, թեեւ նա սովորական էր խոսում: Ես անձամբ Գագիկ Մկրտչյանին տեսել եմ մասնաշենք մտնելու մուտքի դիմաց: Նստած էր ասֆալտին, բռնել էր ձախ՝ վիրավոր ձեռքը, որը վիրակապած էր, արյունոտ: Մոտեցա, հարցրի, թե ինչ է պատահել, մատնացույց արեց ձեռքը: Մոտեցան օգնելու, տարան, հետո մտա շենք»,-պատմեց Վարուժան Ավետիսյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2757185291004932/

Ինչ վերաբերում է մյուս ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքներին, Ավետիսյանը նշեց. «Մարտի մեկի տարբերակն էր, երբ երիտասարդ զինվորը ոստիկանության զորքերի, զոհաբերվեց, ինչպես Տիգրան Աբգարյանը: Պետությունն այսօր ջանք չի գործադրում երեք ոստիկանի մահվան հանգամանքներն իրապես պարզելու, ապացույցները կեղծած պաշտոնյաներին եւ փորձագետներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի նշանակած լրացուցիչ փորձաքննությամբ է ձեռք բերվել կեղծ տվյալը, որ իբրեւ թե Տեփանոսյանի մարմնից հանված գնդակն արձակվել է Սմբատ Բարսեղյանի հրազենից: Եթե մարտի մեկի գործով կարող էին հազար փամփուշտ կեղծել, այս գործն էլ է կեղծվել»:

Ավետիսյանին հարց ուղղեց մեղադրյալներից Պավել Մանուկյանը՝ ակնարկելով՝ ինչո՞ւ Ավետիսյանը Գագիկ Մկրտչյանի մասին պատմածը չասաց այն ժամանակ, երբ ինքը հայտնի հայտարարությունն արեց. ինչո՞ւ չհաստատեց, որ իր ասածը ճիշտ է:

Հիշեցնենք՝ Պավլիկ Մանուկյանը նկատի ունի իր պնդումը, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է խմբի անդամ, գործով մեղադրյալ Էդվարդ Գրիգորյանի պատահական կրակոցից: Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ հիմա է իր ցուցմունք տալու ժամանակը. «Ձեր ասածը մասամբ է ճիշտ՝ միայն Արմեն Բիլյանի մասով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930