«Այո, գիտության ֆինանսավորումը վիշտ է, որի մասին արդեն երկար-երկար տարիներ, երեք տասնամյակ խոսում ենք եւ ինչը մնում է նույնը»,- այսօր Ազգային ժողովում կազմակերպված «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ այս քննարկման, դիտողությունների, առաջարկների հիման վրա հնարավոր կլինի մի փոքր թեթեւացնել «մեր վիշտը»։
Քննարկումը կազմակերպվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Նա հիշեց, որ խորհրդային տարիներին պայմանագրային թեմաներով կատարվող գիտական աշխատանքի հնարավորությունն անսահման էր. «Ասում էինք`ինչքա՞ն կտաք, ասում էին`կտանք այնքան, ինչքան որ դուք ցանկանաք, միայն հիմնավորեք: Այսպիսին էր մոտեցումն այն ժամանակ`գիտության ֆինանսավորմանը»: Սովետական միության փլուզումից հետո, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, պատկերն այսպիսին է `որոշվեց հատկացնել մի գումար, որ հնարավոր լինի պահպանել բոլոր կառույցները, իսկ գումարի բաշխման ձեւը`թեմատիկ ֆինանսավորումն էր: Բայց ֆինանսավորման այդ ձեւն, ըստ բանախոսի, բերեց մանրաթեմայնության, բազմաթեմայնության եւ փաստորեն, հնարավոր չէր լուրջ գիտական ծրագրերը ֆինանսավորել: Հետո թեմատիկ ֆինանսավորումից անցում կատարվեց բազային, նպատակային եւ թեմատիկ ֆինանսավորման, ինչը Ռադիկ Մարտիրոսյանն արդյունավետ է համարում, քանի որ այս տարբերակը հնարավորություն էր տալիս լուրջ ծրագրերը ֆինանսավորել եւ նպատակային ծրագրեր ունենալ:
«Վաղուց արդեն հայտնի է, որ մեր գիտության ֆինանսավորումը հավասար է մոտավորապես բյուջեի ծախսային մասի 1,2 տոկոսին։ Պիտի ասել, որ այդ թիվը երբեք չի փոխվել, արդեն համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը։ Սա խոսում է այն մասին, որ գիտության նկատմամբ պետությունը երբեւիցե հատուկ հոգ չի տարել»:
Ժամանակին նախատեսվում էր գիտության բյուջեն հասցնել ՀՆԱ-ից 3 տոկոս, բայց դա չարվեց: Մինչդեռ, եթե արվեր, հրաշալի բան կլիներ`նկատի ունենալով գիտության ազդեցությունը պետության կայացման, անվտանգային հարցերի վրա: Ըստ նրա, այսօր քաղաքակիրթ աշխարհում դժվար կլինի գտնել մի երկիր, որը գիտությանն այսպիսի գումար է հատկացնում։ Օրինակ, Ադրբեջանում էլ ՀՆԱ-ի տոկոսով գիտության ֆինանսավորումը համարյա նույնն է, բայց այդ երկրում ՀՆԱ- տաս անգամ մեծ է եւ գիտությանը տրամադրվող բացարձակ գումարը տասն անգամ մեծ է: Եվրոպական երկրներում, ըստ նրա, մասնավոր հատվածն է մեծ մասնակցություն ունենում գիտության ոլորտում ներդրումների եւ զարգացման համար. դա մի խնդիր է, որի մասին մեզ մոտ տարիներ շարունակ խոսվում է եւ չի ստացվում:
Նա բացասական է համարում նաեւ այն, որ բյուջեում չկան նախատեսված գումարներ`շենք-շինությունների, լաբորատորիաների պահպանման համար: Ուստի, նախատեսված գումարների 75 տոկոսը գնում է աշխատավարձային ֆոնդին, մնացածը`նման ծախսերի: Մինչդեռ, նախկինում առանձին տողով էին նախատեսված այդ ծախսերը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գիտնականների աշխատավարձներին, ԳԱԱ նախագահը անգամ անհարմար է համարում դրա մասին խոսել, քանի որ այն համարյա թե նվազագույնին մոտիկ աշխատավարձ է. «Ավելին ասեմ, եթե մինիմալ աշխատավարձը բարձրացվի այն չափերով, որքանով ասված է, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր համակարգի աշխատողների 2/3-րդը ստանալու են մինիմալ աշխատավարձ»։ Համեմատության համար նա ասաց, որ ՌԴ-ում օրինակ, գիտության ոլորտում աշխատավարձերը միջին են: «Մենք հասել ենք նրան, որ տալիս ենք մինիմալ աշխատավարձ, որպեսզի կարողանան գոյություն պահպանել»,- ասաց նա`մինչդեռ ԳԱԱ-ի միայն մեկ ինստիտուտի կատարած աշխատանքը ՊՆ-ի համար 600 միլիոնի է հասնում, իսկ ԳԱԱ-ում ինստիտուտները շատ են:
Հիշեցնենք, 2020 թվականի պետական բյուջեով գիտության ծախսերը կազմում են 12, 6 մլրդ դրամ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ