Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանություններին այսքան ժամանակ չի հաջողվել ձևավորել օրակարգ, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել բնակչությանը. «Փաստ»

Նոյեմբեր 06,2019 13:22

Մամուլում անընդհատ բարձրացվում են թեմաներ կառավարության կողմից ոչ արդյունավետ ծախսերի մասին, սակայն վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի շարք աղմկահարույց իրադարձություններ, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, 55 մլն դոլարով պատրաստվում է նոր ինքնաթիռ ձեռք բերել, միայն իր կառավարական առանձնատան վերանորոգման համար մոտ 200 հազար դոլար է տրամադրել և այլն:

Սրան գումարած՝ այս օրերին բազմազան լուրեր են շրջանառվում խորհրդարանում մեծաթիվ և անիմաստ գործուղումների և պետական միջոցները ոչ արդյունավետ օգտագործելու մասին:

Հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է հենց այս փուլում իշխանությունը սկսել մեծ գումարներ ծախսել, ճոխություններ թույլ տալիս իրեն՝ առանց արդյունավետությունը հաշվի առնելու, այն դեպքում, երբ, օրինակ՝ մի քանի ամիս առաջ նույն Փաշինյանը հեծանիվով էր գործի գնում՝ ցույց տալու համար, թե համեստ պաշտոնյայի կյանք է վարում, և նույնը խորհուրդ էր տալիս նաև մյուս պաշտոնյաներին:

Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի գործելաոճի փոփոխությունը, մի՞թե վերջինս չի գիտակցում, որ հանրությունն իրենից պահանջում է, որ պետական բյուջեի գումարներն օգտագործվեն ըստ անհրաժեշտության:

Այս հարցերին պատասխանելու համար պետք է դիտարկել, թե ինչպիսի վիճակ է տիրում պետական համակարգում և ինչպիսի ընթացք են ստանալու քաղաքական զարգացումները:

Եվ եթե այս ամենը վերլուծում ենք, ապա պարզ է դառնում, որ կառավարման համակարգը լճացման փուլում է գտնվում, քանի որ չկա զարգացման տեսլական, թե ինչ խնդիրներ պետք է լուծել:

Կառավարման համակարգում ընդհանուր առմամբ անորոշ և անկանխատեսելի իրավիճակ է, որովհետև ցանկացած օր վարչապետը կարող է առավոտյան արթնանալ և ըստ տրամադրության որոշել՝ այս կամ այն գերատեսչության ղեկավարը պետք է հեռանա, կամ այսինչ կառույցն անհրաժեշտ չէ, պետք է լուծարել և այլն:

Այսպիսի տարերային իրավիճակին գումարվում է այն հանգամանքը, որ պետության համար առանցքային նշանակություն ունեցող տարբեր կառույցների ղեկավարներ են դարձել մարդիկ, որոնք, մեղմ ասած, չեն տիրապետում իրենց ոլորտին, իսկ իրենց միակ արժանիքը քայլելն է, ասինքն՝ իշխանափոխությանը մասնակցելը:

Կա վարչապետ Փաշինյան, կան իրենք, չկա վարչապետ Փաշինյան, չկան իրենք:

Իսկ առանց պետական համակարգի արդյունավետ գործունեության հնարավոր չէ երկարատև կտրվածքով հաջողություններ գրանցել տարբեր ոլորտներում:

Բացի այդ, իշխանություններին այսքան ժամանակ չի հաջողվել ձևավորել օրակարգ, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել բնակչությանը, այլ ընդհակառակը՝ հասարակության բաժանումը տարբեր սեգմենտների և թշնամանքի խորացումը նոր տեսք է ստանում:

Ուստի անսպասելիորեն իշխանության վերին էշելոններում հայտնված մարդկանց համար պետք է տեսանելի լինի, որ երկարաժամկետ հեռանկարում չեն կարող պահպանել իրենց վարկանիշը և հանրային վստահության մակարդակը:

Կարճ ասած՝ այնպիսի տպավորություն է, որ ներկայիս իշխանությունը գիտակցում է, որ իր հետհաշվարկի ժամացույցն արդեն միացված է, և այս իրավիճակում թավշյա իշխանավորներին այլ բան չի մնում, քան առավելագույնս օգտվել ժամանակավոր կարգավիճակից:

Սակայն նման գործելակերպը և մեծ արագությամբ բյուջեի միջոցները քամուն տալը կարող է ավելի կարճացնել իշխանությունների ժամանակը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930