Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցավ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը: Բոլորովին չցանկանալով շեշտադրում կատարել այս ներկայացման վրա, չփորձելով ևս մեկ անգամ դրա մասին բարձրաձայնելու առիթ ստեղծել, մշակութային կյանքի ներկա վիճակի մասին մեկնաբանություն խնդրելու համար զանգահարեցինք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին:
Նրա արձագանքը բավական բուռն էր: Նա, կարծես թե, որոշ չափով զայրացած էր, որ, օրինակ՝ Կոմիտասին նվիրված ներկայացումը լրատվամիջոցների կողմից չի արժանացել այն նույն ուշադրությանը, ինչ «ՀուԶանք ու Զանգը»:
«Ես արդեն 3-րդ կամ 4-րդ հարցազրույցն եմ տալիս այս թեմայով, ու ինչն է ինձ բարկացնում՝ դուք, խոսքը կոնկրետ ձեր մասին չէ, այլ լրատվամիջոցները ուռճացնում են այն, ինչն ընդհանրապես պետք է արհամարհանքի արժանանար: Նույն այդ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Սունդուկյանի թատրոնում 50-ից ավելի մարդկանց միջոցով և շատ հայտնի ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրությամբ իրականացրել է մի մեծ ծրագիր, որը կոչվում է «Ղողանջ հարսանեկան»՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատնից»:
Նախօրոք ասուլիս ենք կազմակերպել, որին որևէ լրատվամիջոցից լրագրող չի մասնակցել: Ներկայացումը լուսաբանել է միայն «Շողակաթ» հեռուստաընկերությունը:
Կարդացեք նաև
Զանգվածային լրատվամիջոցներն ավելին են անում, քան այդ մի քանի վնգստացող երեխեքը, որոնք ինձ համար կիսահոգեկան, կիսաբարոյական մարդիկ են:
Այդ ներկայացումը տեսել է 30 հոգի, դուք 30 միլիոնի լսարան ապահովեցիք:
Իսկ մենք ներկայացում ենք արել, որտեղ 1000 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը որոտընդոստ պայթում էր, և դրանից հետո մարդիկ դուրս էին եկել, նույն երգերն ու պարերը դրսում էին երգում ու պարում, չէին հեռանում, որևէ լրատվամիջոց գոնե մեկ հոգու այդ մասին չի տեղեկացրել:
Ինչո՞ւ 30 մարդու ականատես դարձած այդ միջոցառումը դարձրել եք ոչ թե ամբողջ ազգին, այլ աշխարհին հասանելի, և այդ ապականությունը խոշորացույցի տակ դրած, վարակի վերածած տարածում եք:
Ինչո՞ւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումը որևէ արձագանք չի գտնում, բայց այդ ապականությունը լրատվամիջոցները փորձում են տարածել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գինոսյանը:
Նա հարց է հնչեցնում՝ այդ ներկայացումն այլանդակություն էր, բայց արդյո՞ք դրանից հետո լրատվամիջոցները կգնան լուսաբանելու Կոմիտասի 150-ամյակի միջոցառումները կամ ռեպորտաժ կպատրաստեն նրա մասին:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: