Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտը IT ոլորտի վրա դնելով կորցնում ենք բնագիտական թեւը. Հովհաննես Հովհաննիսյան

Նոյեմբեր 06,2019 12:55

«Թե ֆունդամենտալ, թե կիրառական գիտություններում հիմնականում շեշտը դրվել է ծրագրային ֆինանսավորման վրա: Բայց հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար եւ այն գրավիչ ու մոտիվացնող դարձնելու համար պետք է ֆինանսավորում: Հստակ է, որ պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան գալ դեպի գիտություն»,- այսօր խորհրդարանում ընթացող «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Քննարկմանը մասնակից գիտության ոլորտի ներկայացուցիչներին, իշխող խմբակցության պատգամավորը վստահեցրեց, որ քննարկման ընթացքում հնչած տեսակետները կառավարությունում հաշվի կառնեն: Համենայնդեպս, օրեր առաջ, իր եւ վարչապետի զրույցի ընթացքում, վարչապետը լսելով պատգամավորի մտահոգությունները, ասել է, որ այս քննարկման արդյունքները կառավարությունում «պարտադիր կլսվեն եւ հաշվի կառնվեն»:

«Մենք միայն խոսելու համար չենք հավաքվել այստեղ, այլ հավաքվել ենք հստակ գործնական նպատակով, որ կարողանանք հասկանալ՝ ինչպե՞ս, ո՞ր ոլորտներում, ի՞նչ նոր մոդելներով, ինչպե՞ս պետք է կատարվի ֆինանսավորումը»,- ասաց պատգամավորը:

Ոլորտի թռիչքային զարգացման համար նա ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն է տեսնում: Նաեւ`շեշտադրումների վերանայման անհրաժեշտություն: Օրինակ, այսօր Հայաստանում IT ոլորտը հռչակվել է առաջնահերթություն, սակայն, ըստ պատգամավորի, հիմնական շեշտն այս ոլորտի վրա դնելով տուժում է բնագիտական թեւը: Պատգամավորի կարծիքով՝ IT ոլորտում բարձր աշխատավարձը գրավիչ է դառնում երիտասարդների համար, որոնք չեն շարունակում մնալ գիտության մեջ եւ հավելյալ արդյունք բերել գիտությանը:

Վերջերս կառավարությունը հավելյալ միջոցներ էր հատկացրել Գիտության կոմիտեին՝ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: Նաեւ, Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով վերակառուցվել են մի շարք լաբորատորիաներ: Պատգամավորի կարծիքով, դրանք անհրաժեշտ, սակայն բավարար պայման չեն ռեալ խոսելու Հայաստանում գիտության թռիչքային զարգացման մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930