ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլի են դուրս եկել` Հայոց լեզու, հայ գրականություն եւ պատմություն առարկաները բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու համար, նրանց են միանում այլ ֆակուլտետներից:
«Բոլոր ուսանողները ոտքի են կանգնել, ու քանի որ մեր բուն մասնագիտությունը հայոց լեզուն եւ գրականությունն է, մեր ֆակուլտետն ավելի ոգեւորված պետք է առաջ տանի այս դասադուլը…Դասախոսներ կան, որ մեզ աջակցում են ու մեր կողքին են»,-ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը:
«Մեր պահանջը կապված է նախարարի վերջին որոշման հետ, որը օրենքի նախագիծ է ու դեռ քննարկման փուլում է: Սա ուղղակի նախազգուշական դասադուլ է… Հայոց լեզուն որեւէ մեկը չի բերել իրենց տանից: Նախարարին էլ կոչ ենք անում որեւէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ, մասնագիտական խորհուրդ կազմել»,-ասաց բանասիրական ֆակուլտետի ուսանողներից Գեւորգ Գյուլումյանը:
«Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում, նախարարն ասում է դպրոցներում մակարդակը կբարձրացնենք, թող փորձի, հետո խոսի, մի գործը չարած, էն մյուսն է անում… Եթե նախարարը հաշվի չառնի այսքան ուսանողների ու դասախոսների խոսքը, մտահոգությունը, պահանջը, մենք պատրաստվում ենք բողոքի ցույցեր իրականացնել խորհրդարանի, կառավարության եւ նախարարության շենքերի մոտ: Եվ վերջիվերջո, եթե այսպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայլելով եկել է, այդպես քայլելով հետ կգնա»:
Կարդացեք նաև
Նա նաեւ կոչ արեց իշխանություններին. «Մարդկանց պաշտոնի նշանակելուց առաջ հաշվի առեք ոչ թե այն, թե որքան է քայլել նա, այլ ինչ վաստակ ունի: Արայիկ Հարությունյանի միակ վաստակն այս պահի դրությամբ Գյումրի-Երեւան ավտոճանապարհը ոտքով անցնելն է»:
Ուսանողուհիներից մեկն էլ ասաց, որ բողոքն արդարացի է, քանի որ իրենց տպավորությամբ ամեն ինչ արվում է, որ ազգային հիմքերը սասանվեն. «Չեմ կարծում, թե աշակերտները դպրոցներում այնքան լավ են սովորում հայոց լեզու եւ հայոց պատմություն, որ դրա կարիքը չկա համալսարաններում: Կարծում եմ, որ համալսարանական ճիշտ կազմված ծրագրի շնորհիվ ոչ մի առարկա չի կարող տուժել, եւ եթե ուսանողը չի տիրապետում իր մայրենի լեզվին չի կարող այլ լեզուներ ու մասնագիտական առարկաներ սովորել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ