Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե տեսած չլինեինք ապրիլյան դավադիր պատերազմը, կշարունակեինք հակված մնալ ռեժիմին խաղաղ անհնազանդությամբ հեռացնելուն». Վարուժան Ավետիսյան

Նոյեմբեր 06,2019 12:24

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունք տվեց մեղադրյալ, խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա ցուցմունքը սկսեց իր գործունեության մասին պատմելով, հետո պատմածը շաղկապելով՝ պարզաբանեց, թե ինչու են «Սասնա ծռերը» որոշել զենքի դիմել:

Նախ նշեց, որ նախկին զինվորական է, մասնագիտությամբ՝ իրավաբան, եւ մինչեւ 2013թ.-ը ծառայել է զինված ուժերում, աշխատել ՊՆ կենտրոնական ապարատում: Ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության հետեւանքներին պաշտոնի բերումով ծանոթ լինելով՝ տարիներ շարունակ փորձել է ղեկավար օղակների պաշտոնյաներին զեկուցագրերի միջոցով ցույց տալ պետության եւ բանակի պաշտպանունակության բացթողումները:

«Հասկացա, որ ջանքերս ապարդյուն են: Գործ ունեինք ոչ միայն ապաշնորհ ղեկավարության հետ: Ինձ համար ակնհայտ էր, որ գործ ունեինք պետություն զավթած բանդայի հետ, որին որեւէ առաջարկ ներկայացնելը դրական արդյունքի չի կարող բերել»,-նշեց նա: Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ այդ անձինք օտարների շահերն են սպասարկել. «11թ.-ից եղել եմ «Սարդարապատ» շարժման անդամ, ինչի մասին իմացել է ղեկավարությունը: Ասել եմ՝ եթե փորձեն իմ այդ գործունեությանը արգելք հանդիսանալ, ցուցադրաբար կհրաժարվեմ պաշտոնիցս եւ հայտարարություններով հանդես կգամ: Դա զսպել է իրենց: Իմ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո թողեցի զինվորական ծառայությունս, իսկ «Սարդարապատի» շրջանակում զբաղվեցի Հայաստանի ապագայի մշակման ծրագրերով»:

Ավետիսյանը հիշեցրեց, որ 2012թ.-ին ստեղծվեց «Նախախորհրդարան»-ը. «Մշակեցինք պետության ռազմավարական հայեցակարգը: 2015թ.-ին էլ ստեղծվեց «Հիմնադիր խորհրդարանը», որի ավտոերթը դեպի Արցախ բռնությամբ կասեցվեց, ծեծի ենթարկվեցին այդ թվում կանայք եւ երեխաներ, մեքենաները կոտրվեցին: Նաեւ կրակում էին, սարերի վրա դիպուկահարներ կային: Ակնհայտ էր, որ նպատակն ավելի հրեշավոր էր: Անգամ սպանությունների նպատակ կար, բայց մեր գործողությունների շնորհիվ դրանք կանխվեցին: Մեր նպատակն էր՝ հեռացնել հանցագործ ռեժիմին եւ ձեւավորել անցումային կառավարություն, որից հետո ընտրություններ կլինեին: Ռեժիմի հեռացման մեթոդը քաղաքացիական անհնազանդությունն էր, որը կիրառվեց նաեւ 2018թ.-ի իրադարձությունների ժամանակ: Որեւէ զինված բանի մասին որեւէ մեկի մտքով բան չէր անցնում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2757185291004932/

Հետո, ինչպես Ավետիսյանը հիշեցրեց, իրեն զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք առաջադրվեց, թեեւ իր եւ համախոհների նպատակը ռեժիմին խաղաղ հեռացնելն էր. «Հետո եկավ 2016թ.-ի ապրիլը: Ռեժիմը պայմանավորված պատերազմի միջոցով գնաց ազգային դավաճանության, բայց սահմանին ունեինք բացառիկ արի սպաներ եւ զինվորներ, որոնք կյանքի գնով խափանեցին ազգային աղետը: Նախատեսված էր հետեւյալը՝ քայքայել պաշտպանական գիծը: Ռեժիմը պետք է խոստովաներ, որ պարտվել են, իսկ Ռուսաստանը գալու էր օգնության եւ հնարավորություն տալու հակառակորդին ազատագրված տարածքներ զիջելու դիմաց խաղաղապահներ տեղակայել Արցախում՝ ամբողջացնելով իր կայուն ներկայությունը: Շաբաթներ անց պարզ դարձավ, որ ազատագրված տարածքներն անպետք են, եւ ռեժիմը չի պատրաստվում տարածքները վերադարձնել: Հայտնի է, որ մեր զինուժի առաջխաղացումը կասեցվել է, 18 դիրքերը դատարկ էին, մերոնք կարող էին հետ գնալ եւ զբաղեցնել, բայց թույլ չեն տվել: Այսինքն, մասամբ արձանագրվել է պայմանավորված պատերազմի արդյունքը»:

Վարուժան Ավետիսյանի բնորոշմամբ՝ ժողովրդին պետք էր այդ տարածքների ազատագրումը, ուստի Ժիրայր Սեֆիլյանը նախաձեռնեց կամավորական գումարտակի հավաքագրում. «Նա դիմեց ԶՈՒ հրամանատարությանը՝ աջակցության եւ կազմակերպելու նպատակով: Այդ դիրքերի ազատագրման համար հազարից ավելի մարդ ցանկություն հայտնեց: Տեսնելով, թե երեւույթն ինչ թափ է առնում, շինծու գործով կալանավորել տվեցին Ժիրայր Սեֆիլյանին: Մինչ այդ Սերժ Սարգսյանը երեք անգամ ապրիլյան պատերազմի օրերին հանդիպել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ եւ ջանք չէր խնայել համոզելու, որ տարածքները պետք է թողնել: Վերջին հանդիպման ժամանակ նա համաձայնությունը ստացել էր մեծամասնության՝ մինչեւ մեր ապստամբությունը: Այդ ազգային աղետը կանխելու նպատակով եւ բռնապետության դեմ զինված դիմադրություն ցույց տալու իրավունքի իրացմամբ՝ մենք դիմեցինք զինված ապստամբության: Պարզաբանեմ, որ եթե մենք մեր աչքի առաջ չտեսնեինք ապրիլյան դավադիր պատերազմը եւ դրա հետեւանքները, բնականաբար, կշարունակեինք հակված մնալ ռեժիմին խաղաղ անհնազանդությամբ հեռացնելու տարբերակին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930