ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ այդ երկու նախաձեռնությունները սպառնալիքի տակ են դնում հետագա հարաբերությունները ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի հաղորդվում:
Ըստ պաշտոնյայի՝ վարչակազմը մտավախություն ունի, որ անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի ընդունած պատժամիջոցները՝ ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների, կկապեն իրենց ձեռքերը և կզրկեն տարբերակներից՝ բավարարելու այդ գործողությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Պաշտոնյան չի ասել, սակայն, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վետո դնել օրինագծի վրա:
Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման համար ճիշտ ժամանակ չէր ընտրված, և արդյունքում դա կարող է հանգեցնել մի օրինագծի, որն ավելի շուտ կդիտվի որպես պատժիչ գործողություն, քան սկզբունքային հարց:
Թրամփի օրոք Սպիտակ տունը նախկինում զերծ էր մնում այս նախաձեռնությունների վերաբերյալ հայտարարություններից, բայց նախկին վարչակազմերը նույնպես զգուշավոր էին Ցեղասպանության բանաձևի հարցում՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնաս հասցնել հաշտեցմանը: Տարիներ շարունակ Թուրքիան զգուշացրել է, որ նման բանաձևերը կարող են հանգեցնել հարաբերությունների վատթարացման, հիշեցնում է թերթը:
Կարդացեք նաև
Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. իրենք ցավում են Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի տարհանման և ոչնչացման համար: ԱՄՆ-ը ոգեկոչել է «Մեծ եղեռնը» և այն անվանել 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը, ինչպես նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի ջանքերը՝ հաշվի նստել իրենց պատմության հետ, ասել է պաշտոնյան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ