ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել։ Այսինքն՝ պատվաստանյութը չի եղել հենց գրիպի սեզոնին։
«Ժողովուրդ» օրաթերթը Հաշվեքննիչ պալատից տեղեկացավ, որ հաշվեքննության կատարման ժամկետը կազմել է անցած տարվա հուլիսի 6-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը, իսկ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։
Օրինակ, 2018 թվականի դեկտեմբերի 3-ի, նույն տարվա նոյեմբերի 9-ի, 26-ի գրությունների համաձայն՝ տեղեկություն է ստացվել ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից կենտրոնացված եւ մարդասիրական օգնության կարգով ձեռք բերված դեղերի, բնակչությանը հատկացված դեղորայքի բաշխման ցուցակների վերաբերյալ։ Առանձնացվել են դեղորայք ստացած մարդկանց անուններ եւ ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ճշտելու այդ մարդկանց՝ երկրում գտնվելու կամ երկրից բացակայելու փաստերը։ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունը համադրելով մարզերից ստացված դեղորայքի բաշխման ցուցակների տեղեկատվության հետ՝ պարզվել է, որ Շիրակի մարզում 16 բնակիչ՝ 64 անգամ, Լոռվա մարզում 11 բնակիչ՝ 30 անգամ եւ Արագածոտնի մարզում 1 բնակիչ 1 անգամ ստացել են դեղորայք՝ չգտնվելով Հայաստանում։ Սա դեռ ամենը չէ։
Պարզվում է, որ մեր հանրապետությունում մոտ 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել։ Այսպես, անցած տարվա սեպտեմբերի 14-ի դրությամբ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) պահեստում գրիպի պատվաստանյութ չի եղել, Երեւանի եւ մարզային հիմնարկներում՝ ընդամենը 10 դոզա։ Միայն անցած տարվա նոյեմբերի 13-ին Sanofi Paster-ից գնվել է 60 հազար դոզա։ Հարկ է նշել, որ միջին ամսական ծախսը կազմել է 9167 դոզա։
Կարդացեք նաև
Սակայն Առողջապահության նախարարությունն իր հերթին, պարզաբանում է ներկայացրել՝ նշելով որ սեզոնային գրիպի պատվաստանյութը պլանավորվում է միայն ռիսկի խմբերի համար՝ 6 ամսականից մինչեւ 5 տարեկան բնակչություն, մանկատան սաներ եւ սպասարկող անձնակազմ, հղիների, քրոնիկ հիվանդների՝ շնչառական եւ սիրտ-անոթային համակարգերի, շաքարային դիաբետով, լյարդի եւ այլ հիվանդություններով հիվանդներ։ Նախատեսվում է պատվաստումները սկսել սեզոնային բարձրացումներից առաջ եւ ավարտել մինչեւ սեզոնային բարձրացումների պիկերը՝ նպատակ հետապնդելով բնակչության առավել խոցելի խմբերին պաշտպանել ծանր առողջական խնդիրներից։
Ըստ ԱՆ-ի՝ ՀՀ-ում գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերից եւ
շարունակվում է մինչեւ հաջորդ տարվա մայիսը, հիվանդության պիկը գրանցվում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին։ Հայաստանը փոքր շուկա է, եւ արտադրողները գերադասում են առաջնահերթ մատակարարել ավելի մեծ պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պատվաստումները սկսում է նոյեմբերից ոչ շուտ։ Սակայն Հայաստանում գրիպի պատվաստումների պահանջարկը շատ բարձր է, եւ պատվաստումներն ավարտվում են հիմնականում մինչեւ հունվարը, սակայն եզակի դիմողներին մնացորդային քանակներով պատվաստումները շարունակվում են մինչեւ մարտ ամիսը։ Բացի այս, Առողջապահության նախարարությունից Պալատին պարզաբանել են, որ պատվաստանյութի ընդհանուր պիտանելիության ժամկետը մեկ տարի է, եւ յուրաքանչյուր տարի փոխվում է պատվաստանյութի բաղադրությունը՝ համաձայն ԱՀԿ-ի հանձնարարության։ Հետեւաբար նպատակահարմար չէ մեծ քանակներով ձեռքբերումը խոտանից խուսափելու նպատակով։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում