Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական միջամտության արդյունքում հիվանդի հոգեկան առողջությունը ոչ միայն չի բարելավվել, այլև նա դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող. Շիրակի մարզի դատախազը դիմել է Առողջապահության նախարարին

Նոյեմբեր 06,2019 11:26

2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. մայիսի 24-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող իր քրոջ և քրոջ որդուն՝ Բասեն գյուղի բնակիչներ՝ Սուսաննա Կանդալյանին և  Վահագն Կանդալյանին սպանելու դիտավորությամբ գնացել է վերջիններիս անասնագոմ և իր մոտ եղած կենցաղային դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող Սուսաննա Կանդալյանի կրծքավանդակի հետին մակերեսի և պարանոցի առաջային հատվածներին, սպանել նրան: Ապա գնացել է նրանց տուն, դանակի հարվածներ հասցրել տան նախասրահում քնած վիճակում գտնվող Վահագն Կանդալյանի աջ և ձախ թևերին, պատճառել խորանիստ հյուսվածքների վնասումով կտրած-ծակած վերքեր: Սակայն հանդիպելով Վահագն Կանդալյանի դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, ինչից հետո գնացել է իր տան նկուղ և առաստաղից էլեկտրական լարով կախվելու եղանակով ինքնասպան եղել:

Ալբերտ Կանդալյանի վերաբերյալ նշանակված հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝  վերջինս 27.06.2009 թվականից հաշվառված է եղել «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբուժական կաբինետում «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Գրանցված՝ հոգեբույժի վերջին այցերի ժամանակ արտահայտել է վերաբերման, հետապնդման զառանցական մտքեր, գանգատվել է անքնությունից, որոնք կարող են դիտարկվել որպես նրա մոտ առկա հոգեկան հիվանդության սրացման նշաններ:

Ալբերտ Կանդալյանը մշտապես զառանցական բնույթի մտքեր է արտահայտել իր քրոջ՝ Սուսաննա Կանդալյանի վերաբերյալ՝ համարելով, որ նրա օժանդակությամբ կարող են վնասել և սպանել իր երեխաներին ու ընտանիքի այլ անդամներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ալբերտ Կանդալյանը հանցագործությունը կատարելիս գտնվել է «շիզոֆրենիա պարանոիդ ձև» հիվանդությանը բնորոշ հիվանդագին ապրումների ազդեցության տակ, ինչը զրկել է նրան իր գործողություններին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից: Այսինքն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գտնվել է անմեղսունակ վիճակում: Նախաքննությամբ որևէ մեկի կողմից Ա. Կանդալյանին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու կամ հակելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։

Ելնելով քրեական գործի նշված փաստական հանգամանքներից՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ալբերտ Կանդալյանը բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետում հաշվառվելուց հետո մինչև 11.05.2019 թվականը ստացել է համապատասխան դեղորայք, սակայն բժշկին մեծամասամբ և հատկապես վերջին շրջանում ներկայացել է ոչ թե հիվանդը, այլ նրա կինը, իսկ բժշկի կողմից հիվանդի բնակարան այցեր չեն կատարվել։

2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը հոգեբույժի կողմից արձանագրվել է  Ալբերտ Կանդալյանի ունեցած հիվանդությանը բնորոշ նույն ախտաբանական վիճակները, նա ստացել է նույն դեղատեսակները և նրա վիճակի լավացում տեղի չի ունեցել, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել Ալբերտ Կանդալյանի հսկողությունը և բուժումն իրականացնող հոգեբույժի կողմից: Միջոցներ չեն ձեռնարկվել  նրան հատկացվող դեղորայքի տեսակը փոփոխելու, վերջինիս ստացիոնար բուժօգնությունը կազմակերպելու ուղղությամբ, հոգեբույժը անձամբ չի ընդունել հիվանդին, տնայցեր չի կազմակերպել: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ալբերտ Կանդալյանի մոտ, կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել: Դրա հետևանքով տարիներ շարունակ կիրառված բժշկական միջամտության արդյունքում Ալբերտ Կանդալյանի հոգեկան առողջության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վերջինս դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդ, ինչը նպաստել է առանձնապես ծանր հանցանքը կատարելուն։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ միջոցներ ձեռնարկելու Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները վերացնելու, իրենց աշխատանքում թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու, նշված բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետի աշխատակիցների կողմից հետագայում նմանատիպ երևույթները բացառելու և նման հիվանդների առկայության դեպքում նրանց բժշկական օգնության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով։

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930