Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախ խոնավեցրեք մաշկը եւ մազերը սանրեք փայտե սանրով

Նոյեմբեր 06,2019 12:30

Մասնագետի արժեքավոր խորհուրդները

Եղանակի, բնակլիմայական պայմանների փոփոխությունից կախված՝ պետք է փոխել նաեւ մաշկի խնամքը։ Անհրաժեշտ միջոցների, դրանց կիրառման ձեւի, հաճախականության եւ մազերը պաշտպանելու մասին ենք խոսել օրգանիկ խնամքի միջոցների ֆորմուլյատոր Ասյա Գրիգորյանի հետ։

Մասնագետի խոսքով՝ արեւի ուղիղ ճառագայթների բացակայության տեսանկյունից աշունը հիանալի ժամանակ է նուրբ շերտազատումներ, պիլինգ անելու համար։

«Ամռանից հետո մաշկի վրա մահացած բջիջներ են մնում, եւ ցանկալի է դրանք հեռացնել»,- ասում է Ասյա Գրիգորյանը։ Հավելում է, որ կան միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս տնային պայմաններում պիլինգ անել, բայց կարեւոր է նախօրոք համաձայնեցնել բժշկի հետ, քանի որ կան հակացուցումներ։ Եղանակի փոխվելուն զուգահեռ՝ պետք է ավելի հաճախ խոնավեցնել մաշկը։ Սա վերաբերում է բոլոր տիպի մաշկ ունեցողներին։

«Նույնիսկ եթե շատ յուղոտ մաշկ ունեք, միեւնույն է՝ եղանակի հետ փոխվում է յուղարտադրության քանակությունը, ու թեթեւ չորություններ կարող են նկատվել»,- բացատրում է Ասյա Գրիգորյանը եւ հավելում, որ կարելի է նաեւ շիճուկներ, էսենցիաներ օգտագործել, որովհետեւ դրանք ակտիվացնում են խոնավեցնող ազդեցությունը։ Շուրթերի խնամքի մասին էլ պետք է հիշել, քանի որ դրանք ցրտի նկատմամբ զգայուն են, կարող են չորանալ ու ճաքճքել։ Մասնագետի խոսքով՝ շուրթերը նույնպես պետք է ինտենսիվ խոնավեցնել։

«Ճաքճքելը կարող է խոնավության, հարբուխի դեպքում բերանով շնչելու, շատ ցուրտ եղանակի, վիտամինների պակասի հետ կապված լինել»,- մեկնաբանում է  մեր զրուցակիցը։ Նշում է` եթե ամառ չէ, չի նշանակում, որ արեւապաշտպան քսուքները չպետք է օգտագործել։ Մասնագետի խոսքով՝ նույնիսկ խորը ձմռանը առավոտյան պետք է քսել։ Հետաքրքիր է նաեւ, թե շպարվելու հարցում ինչ փոփոխություններ պետք է մտցնել։ Օրգանիկ խնամքի միջոցների ֆորմուլյատորն ասում է, որ հստակ կանոններ չկան՝ ի տարբերություն խնամքի, որ պարտադիր է։ «Եթե շարունակելու եք տոնային կրեմ օգտագործել, գուցե տեսակը փոխեք, վերցնեք ավելի խոնավեցնող»,- առաջարկում է Ասյան։ Մազերի խնամքին էլ անդրադարձ եղավ: Աղջիկներից շատերը բողոքում են մազաթափությունից։ Նախ պետք է հասկանալ՝ որոնք են պատճառները, իսկ դրանք պարզվում  է՝  շատ են։  «Վիտամինների պակասից է լինում մազաթափությունը, օրգանիզմի ներսում եղած խնդիրներից, մեխանիկական ու քիմիական վնասներից»,- բացատրում է Ասյա Գրիգորյանը։

Ցուրտ եղանակին գլխարկով պետք է մազարմատները պաշտպանել, խնամել մազերը, որպեսզի չկոտրվեն, փայլը չկորցնեն, մազաթափության չհանգեցնեն։ Մասնագետի խոսքով՝ մազի արմատից մինչեւ ծայրեր պետք է խոնավեցնել, օգտագործել առանց սուլֆատների շամպուն եւ շաբաթական գոնե երկու անգամ դիմակներ դնել։

«Անկեղծ, կողմ չեմ յուղային դիմակների օգտագործմանը, որովհետեւ ցանկացած տեսակի յուղ լցվում է մազարմատների մեջ ու հետագայում խցանում է այն, մաշկի վրա էլ ծակոտիները խցանելու հատկություն ունի, կարելի է փոխարինել շիճուկներով, օգտագործել կոկոսի յուղ, բայց ոչ անընդհատ»,- ասում է մասնագետն ու հավելում, որ լոգանքից հետո փչում ենք ջերմապաշտպանիչ, հետո նոր վարսահարդարիչով չորացնում ենք։

Շատ աղջիկներ ամեն օր լվանում են վարսերը, քանի որ շուտ են յուղոտվում դրանք։ Ոմանք կարծում են, որ ուշ-ուշ լվանալով չի յուղոտվի, ոմանք դա միֆ են համարում։

«Օգտագործեք այնպիսի շամպուններ, որոնք նախատեսված են յուղոտ մազերի համար, կան շատ տարբերակներ, որ ունեն լավ բաղադրություն եւ պայքարում են յուղոտության դեմ»,- ասում է Ասյան, որ կարողացել է կարգավորել իր մազերի յուղոտությունը։  Նա խորհուրդ է տալիս նաեւ մազերը սանրել փայտե սանրերով։ Այսօր սա ընդունված է աշխարհում։ «Փայտը բնական է, գլխամաշկի թեթեւ արտահայտված յուղը հավասարաչափ տարածում է ամբողջ մազերով, մերսում է գլխամաշկը, լավացնում է արյան շրջանառությունը»,- ասում է մասնագետը։

Ասյա Գրիգորյանը մազերի փայլի համար մի հեշտ տարբերակ է առաջարկում. ժամանակավորապես բարձի երեսը դարձնել մետաքսյա։ Նրա ձեւակերպմամբ՝ այն բնական փայլ է հաղորդում, տարբերությունը շատ արագ կզգացվի։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930