Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը

Նոյեմբեր 06,2019 13:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի նորանշանակ տնօրեն Հայկ Վարդանյանի հետ

– Տարօրինակ մասնագիտական գործունեություն եք ծավալել. նախ՝  պատանեկան տարիներից Շախմատի Հայաստանի պատանիների չեմպիոն, 2000թ. շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հետո ստանալով մենեջերի մասնագիտացում, եթե չենք սխալվում, հանդիսացել եք գերմանական մեկ-երկու խոշոր ընկերությունների (տուրիստական եւ շինարարական) հայաստանյան ներկայացուցիչ, այնուհետեւ «Նարեկացի» արվեստի միության տնօրենն էիք, միաժամանակ «Նարեկացի» ժողնվագարանների նվագախմբի մենեջերը, մինչ այդ՝ «Կոմիտաս» լարային քառյակի տնօրեն: Հիմա էլ տնօրինում եք օպերային ստուդիան, ավելին՝ օպերային երգչի կարիերա եք սկսել, այն էլ «դրսում»: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ բիզնես ոլորտից տեղափոխվեցիք մշակույթ:

– Այն, ինչ թվարկեցիք, եղել է: Իրականում 2012թ. սկսեցի վոկալ դասեր առնել: Կարճ ժամանակ անց որոշում ընդունեցի, որ գործունեությունս կամ ապագաս օպերային արվեստն է: Դադարեցրի բիզնես գործունեությունը եւ որպես մենեջեր, ինչպես նշեցիք՝ սկսեցի մշակութային ոլորտում: Վերջին երկուսուկես տարին  Միլանում էի, դասեր էի առնում ճանաչված սոպրանո Ջանֆրանկա Օստինիի մոտ, ով ժամանակին հանդիսացել է Կարերասի, Կրաուսի, Ֆրենիի եւ մյուս հռչակավոր օպերային երգիչների գործընկերը: Օպերային դեբյուտս կայացավ վերջերս՝ հունիսին, Միլանում, Վերդիի «Տրավիատայում» հանդես եկա Ալֆրեդի դերերգով, որին հետեւեցին համերգներս Իտալիայի քաղաքներում:

– Փաստորեն, խաչվել են ձեր՝ օպերային երգչի եւ մենեջերի ճանապարհները: Տեղեկացված ենք, որ օրերս եք վերադարձել Եվրոպայից, որտեղ հանդիպումներ եք ունեցել տարբեր քաղաքների օպերային ստուդիաների ղեկավարների հետ: Կմանրամասնե՞ք:

– Կարեւորելով մեր օպերային ստուդիայի երգիչների հետագա մասնագիտական առաջխաղացումը, ինքս նախաձեռնեցի այդ հանդիպումները օպերային ստուդիաների եւ ակադեմիաների ղեկավարների հետ, այդ թվում՝ Փարիզի օպերայի, Ստրասբուրգի, Շտուտգարդի օպերային ստուդիաների: Արդյունքում ձեռք բերվեց համագործակցության մի քանի պայմանավորվածություն: Թվարկածս իսկապես խոշոր օպերային ստուդիաներում՝ ի տարբերություն մեր օպերային ստուդիայի, մեներգիչները հաստիքային աշխատողներ են, արդեն կոնսերվատորիան ավարտած եւ, բնականաբար, մասնագիտական առաջին քայլերն արած վոկալիստներ: Նրանք պարբերաբար մասնակցում են նաեւ իրենց մայր օպերային թատրոնների ներկայացումներին: Սա ստուդիայի գործունեության մի ձեւ է: Երկրորդը՝ համատեղ համերգային ծրագրեր, ապագայում էլ ներկայացումներ իրականացնելն է: Օրինակ՝ Շտուտգարդի օպերային ստուդիայի ղեկավար Ռենե Դազեի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել 2021-22թթ. թատերաշրջանի ընթացքում համատեղ իրականացնել մեկական ծրագիր Երեւանում եւ Շտուտգարդում: Իսկ Փարիզի օպերային ակադեմիայի տնօրեն Միրիամ Մազուզիին եւ գեղարվեստական ղեկավար Քրիստիան Շիրմինին հրավիրել եմ Երեւան՝ լսումների: Նպատակը Փարիզի օպերային ակադեմիայի համալրումն է, հիմնականում «մուգ» ձայներով (բաս, բարիտոն, մեցցո սոպրանո): Նշեմ, որ Փարիզի այս ակադեմիան սերտ կապեր ունի «Մետրոպոլիտեն» եւ «Բոլշոյ» թատրոնների հետ:

Ինձ ավելի հարազատ էր ու շատ գրավեց Ստրասբուրգի օպերային ստուդիայի գործունեության մոդելը: Տեսեք՝ այդ  ստուդիայի ֆինանսավորումը իրականացնում են երեք քաղաքներ՝ Ստրասբուրգը, Կոլմարը եւ Մյուլուզը: Իսկ օպերային ստուդիայի արտիստները ելույթներով հանդես են գալիս այդ քաղաքներում: Եվ քանի որ մեր երկրում մենք փաստորեն միակ օպերային ստուդիան ենք, այդ մոդելը կամ օպերային արվեստը կուզեի ինտեգրվեր նաեւ Հայաստանի խոշոր քաղաքներում եւս եւ, ինչու ոչ՝ մեր օպերային տուդիան էլ Ստրասբուրգի օրինակով ֆինանսավորվեր այդ քաղաքների կողմից:

– 2020թ. Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի համար հոբելյանական է: Այնպես չէ, որ 40-ամյա ստուդիան երբեւէ գործունեություն չի ծավալել. կային ժամանակներ, երբ մեկը մյուսի ետեւից բեմադրվում էին օպերաներ: Սկսած 1980թ. այստեղ  իրենց առաջին քայլերն են արել այսօր արդեն Ազգային օպերային թատրոնի ճանաչված մեներգիչներ, բայց պատճառների մեջ չխորանալով փաստենք, որ վերջին 6-7 տարիներին օպերային ստուդիայում լռություն էր: Այն ծառայում էր միայն իր նպատակին՝ կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողների ուսումնական ընթացքին:

– Ուսումնական ընթացքը եղել է եւ կլինի, թույլ տվեք ես էլ առանց խորանալու, մանրամասնելու,  խոսեմ ստուդիայի վերջնական կամ գերնպատակի մասին. 2022 թվականից սկսած ստուդիան կունենա տարեկան 4 նոր օպերային պրոդուկցիա: Մինչ այդ՝ 2020-ի գարնանը, ուսանողական նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ տարիների դադարից հետո կբացվի օպերային ստուդիայի վարագույրը: Իսկ սեպտեմբերի 30-ին կտրվի 2020-21թթ. թատերաշրջանի մեկնարկը: Կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված օպերային ստուդիայի հիմնադիր Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին……

– Կային ժամանակներ, երբ նույնիսկ խոսվում էր օպերային ստուդիան  փոքր օպերային թատրոնի վերաձեւելու մասին…

– Առաջ ընկաք, չթողեցիք ավարտեի խոսքս… Հենց 2020-21թթ. թատերաշրջանի մեկնարկով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Երկրորդ օպերային թատրոնի գործունեությունը պետք է տարբերվի և չկրկնի նախկինին: Այսօր, այն պետք է լինի, իրոք, ազգային և բավարարի մեր հասարակության հոգևոր պահանջները: Այդ դեպքում հասարակությունը կգնահատի նոր օպերայի ծնունդը՝ թե՛ նյութապես և թե՛ բարոյապես: Հիշենք՝ որ արվեստի և արվեստագետի գլխավոր նպատակը հասարակության հոգևոր պահանջների բավարարումն է … Այդպես է, շուկայի զարգացման պայմաններում, զարգացել եվրոպական օպերան … պետք չէ կառչել եվրոպական ռեպերտուարից և 100 տարի ճգնել ունկնդիր և հանդիսատես կրթել ու այդպես էլ հարցը լուծում չստանա … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930