Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, նոյեմբերի 25-ին վերջին խոսքով հանդես կգա արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանը:
Արդեն լսվել են մեղադրական, պաշտպանական ճառերը: Այս գործով տուժող է ճանաչվել Արմեն Աղաջանյանը, որի մոր ներկայացուցիչն է «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը, ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնում է Հովիկ Սուքիասյանը:
Ըստ գործի նյութերի՝ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, Արմեն Հովհաննիսյանը նույն քրեակատարողական հիմնարկի ինքնությունները դեռեւս չպարզված մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կալանավոր Արմեն Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք, կիրառելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ 2018թ. մարտի 16-ին կազմել է իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն առ այն, թե իբր նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, հավաքակայանում Արմեն Աղաջանյանին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, քրեակատարողական ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ եւ զազրախոսել՝ խոչընդոտելով իրենց օրինական գործողությունների կատարմանը: Նկատի ունենալով, որ զգուշացվելուց հետո Արմեն Աղաջանյանը շարունակել է իրեն ագրեսիվ պահել եւ խոչընդոտել է իրենց օրինական գործողությունների կատարմանը, նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռնամարտի հնարք:
Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, կալանավոր, տուժող Արմեն Աղաջանյանը, որը ոստիկանության բաժին էր տարվել գողության կասկածանքով, ոստիկանության բաժնից տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ, աղիները պարկով մարմնին կախ, եւ չբարեւելու, մի դեպքում՝ ՔԿՀ աշխատակիցներին իբր հայհոյելու պատճառով վայրկյաններ հետո խոշտանգվում է ամբաստանյալ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանի կողմից:
Կարդացեք նաև
Վերջինս 2014 թվականի նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի N 478-Ա հրամանով զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը: 2018թ. ապրիլի 9-ից նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:
Արմեն Հովհաննիսյանը եւ Արմեն Աղաջանյանը նախկինում միմյանց չեն ճանաչել: Ըստ մեղադրանքի, 2018թ. մարտի 15-ին Արմեն Հովհաննիսյանը եղել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբում եւ ծառայություն է իրականացրել բնակելի գոտում: Նույն օրը՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող Արմեն Աղաջանյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը: Ա. Աղաջանյանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից մարտի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Անուշավան Նիկողոսյանի եւ նշված բաժնի եւս երկու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մուտք գործելիս՝ մարտի 16-ին՝ ժամը 00:35-ին, Արմեն Աղաջանյանին ընդունել է Արմեն Հովհաննիսյանը: Այդ ժամանակ Արմեն Աղաջանյանը չի բարեւել հսկիչ անցագրային կետի դիմաց հերթապահ Արմեն Հովհաննիսյանին, նրանց միջեւ խոսակցություն է սկսվել, որը շարունակվել է նաեւ հերթապահ մասի դիմաց՝ միջանցքում:
Ըստ գործի նյութերի. «Արմեն Աղաջանյանը տվել է անհասցե հայհոյանքներ եւ բղավել է, ինչի համար Արմեն Հովհաննիսյանը դիտողություն է արել Արմեն Աղաջանյանին՝ պահանջելով իրեն կարգի հրավիրել եւ հայհոյանքներ չտալ՝ զգուշացնելով, որ շարունակելու դեպքում կտեղափոխի պատժախուց, ինչին Արմենը հայհոյանք տալով պատասխանել է՝ «չկա մեկը, ով կարող է իրեն տանել պատժախուց»: Ձայներից հերթապահ մասից դուրս են եկել հերթապահ խմբում ընդգրկված քրեակատարողական հիմնարկի այլ ծառայողներ, որից հետո Արմեն Հովհաննիսյանն Արմեն Աղաջանյանին ուղեկցել է հիմնարկի հավաքակայանում գտնվող խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ»:
Հիշեցնեմ, վկաներից Անուշավան Նիկողոսյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքից հետեւյալ հատվածը. «Խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ՝ «բոքսր» կոչվող, սկզբում մտել է Արմեն Աղաջանյանը, որից անմիջապես հետո ներս է մտել Արմեն Հովհաննիսյանը, որն առանց որեւէ բառ ասելու՝ բռունցքով հարվածել է Արմենի դեմքին, ապա ՔԿՀ-ի դեռեւս չպարզված մի խումբ ծառայողների հետ, փոխգնդապետի, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Արմենին»:
Վկա ոստիկանության կապիտան Անուշավան Նիկողոսյանը հայտնել էր, որ Արմենի բերանից արյուն էր գալիս: Նա նկարագրել է խուզարկության սենյակում կատարվածը. «Խառնաշփոթ էր: Արմենին մեկն ուղեկցեց զուգարան, մտանք փոխգնդապետի հետ սենյակ: Կազմվեց մարմնական վնասվածքների մասին արձանագրություն. արձանագրվեց, որ որովայնում կա պարկ, աղիքների արտաթորանքն է, ինչը նշված էր նաեւ անկետայում, չի նշվել, թե այլ մարմնական վնասվածքներ կային, թե ոչ»: Վկան հայտնել էր, որ իր ներկայությամբ չեն խուզարկել բաժնից իր ուղեկցած կալանավորին:
Ըստ պաշտպանի, Աղաջանյանի մահը կապ չունի իր պաշտպանյալի հետ, չի եղել խոշտանգում եւ դաժան վերաբերմունք, եւ որ մեղադրանքն էլ ճիշտ չի որակված:
Պաշտպանը գտնում էր, որ Արմեն Հովհաննիսյանն անմեղ է եւ դատարանով պետք է ճանաչվի անմեղ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2019