Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանից՝ Բաքու. Կրեմլում անհանգստացած են

Նոյեմբեր 06,2019 12:00

Հաջորդ տարի Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, իսկ Պուտինը՝ Հայաստան

Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունը՝ հատկապես Սիրիայում Թուրքիայի վերջին գործողություններից հետո, մեծացել է: Ռուսաստանը, որն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ցուցադրում է ջերմացող ու շարունակաբար խորացող հարաբերություններ, անցյալ շաբաթ Հայաստան եւ Ադրբեջան գործուղեց երկրի պաշտպանության նախարարին:

Մինչ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կժամաներ՝ հրապարակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ «Կոմերսանտ»-ին, որում նա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հերթական անգամ ներկայացրեց որպես՝ ռազմավարական, խնդիրներից զուրկ, նույնիսկ՝ Պուտինին շնորհակալություն հայտնեց:

«Խնդրեցի Վլադիմիր Պուտինին անել հնարավոր ամեն բան, որպեսզի հաշվի առնվի Ղամիշլիի հայերի շահերը: Այդ ժամանակ այնտեղ լարվածությունը շատ մեծ էր՝ կապված Թուրքիայի ներխուժման հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, որ արդյունքում հաշվի առան այդ շրջանում բնակվող հայերի շահերը: Հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, եւ հայերի անվտանգության շահերը կպահպանվեն»,- ասաց Փաշինյանն՝ անդրադառնալով Սիրիա՝ թուրքական ներխուժման թեմային: Նա կարեւորեց Սիրիա՝ հայկական առաքելություն ուղարկելը, նույնիսկ այն «պատմական» որակեց:

Վլադիմիր Պուտինը խոստացե՞լ է ձեզ, որ Ռուսաստանը երաշխավորում է սիրիահայերի անվտանգությունը: Ինչպե՞ս է ձեւակերպվել այդ ամենը հարցին՝ Փաշինյանը պատասխանել էր. «ՌԴ նախագահը խոստացավ եւ պահեց իր խոսքը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն նաեւ Ղամիշլիում բնակվող հայերի շահերը: Ես տեղեկացրի նրան, որ մեծ հայկական համայնք ունենք այնտեղ: Տեսնում ենք, որ այդ խոսակցությունը հստակ դրական հետեւանքներ ունի»:

Խոսելով ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաների մասին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ իր կարգադրությամբ ռուս մասնագետներին թույլատրել են մուտք գործել այդ օբյեկտներ, որպեսզի նրանք համոզվեն, որ Ռուսաստանի համար դրանք ոչ մի սպառնալիք չեն պարունակում: «Դրանք ռազմական ոչ մի նպատակ չունեն, բիոլաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են բացառապես բժշկական նպատակներով: Կարծում եմ, որ մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում»: Միաժամանակ նա հավելել էր. «Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, ինչը շատ կարեւոր է: Ի դեպ, այդ լաբորատորիաները արժեքավոր են եւ շատ կարեւոր Հայաստանի համար: Մենք երախտապարտ ենք նաեւ մեր ամերիկացի գործընկերներին այն բանի համար, որ նրանք աջակցեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքն ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը: Փաստացիորեն դա նվեր է եւ շատ թանկարժեք նվեր»:

Գազի գնի թեմայի առնչությամբ, տպավորություն է ստեղծվում, որ հայ-ռուսական բանակցություններում վերջնական որոշում չկա: «Մենք Հայաստանում էկոնոմիկայի շատ լավ դինամիկա ունենք: Այդ հարցը մեզ համար կարեւոր է ոչ միայն գազի գնի շրջանակում, դա նաեւ տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի համար կարեւոր է, որպեսզի գազի գինը լինի այնպիսին, որպեսզի չվնասի Հայաստանի զարգացման տնտեսական դինամիկային»,- ասել է Փաշինյանը՝ խուսափելով կոնկրետ թվեր ներկայացնել եւ ընդգծել է, որ գազի գինը պետք է շահեկան լինի Հայաստանի տնտեսության համար, որպեսզի չխաթարի տնտեսական աճն ու տեմպը:

Հայաստանի թիվ մեկ նպատակը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, ըստ Փաշինյանի, կազմակերպություններն ավելի արդյունավետ դարձնելն է: «Ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը շատ արդյունավետ ստացվեց: Անձամբ ինձ եւ իմ կառավարությանը հաջողվեց կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա աշխարհով մեկ: Կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ին: Ի՞նչ նպատակ կա այստեղ: Անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարեւոր է Հայաստանի, Ռուսաստանի եւ անդամ մյուս երկրների համար, դառնա ավելի արդյունավետ: Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանի հետ ընդհանուր մեկ նպատակ ունենք: Եվ միասին աշխատում ենք դրա վրա: Բայց հեշտ աշխատանք չէ, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իրոք կդառնա ավելի արդյունավետ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ մնացածի համար»,- նկատել է նա:

Եթե Ադրբեջանը ցանկանար ԵԱՏՄ-ում դառնալ դիտորդ, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը, հարց են ուղղում Փաշինյանին: «Երբ ասի, այդ ժամանակ էլ կքննարկենք: Թե ինչպիսի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, գաղտնիք չէ: Այնպես որ, ներկա փուլում չեմ ցանկանում քննարկել դա»,- պատասխանում է նա:

Այնուհետեւ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում՝ Արեւելք-Արեւմուտք ընտրություն չկա: «Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: 18-րդ դարում հայկական վերնախավի ներկայացուցիչներն աշխատում են այն բանի վրա, որպեսզի Ռուսաստանը գա մեր տարածաշրջան: Ինչո՞ւ էր նման բան տեղի ունենում: Քանի որ այդ ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչներն իրավիճակն այնպես էին ընկալում, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան եւ եվրոպական արժեքներ կբերի: Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է: Հայաստանը եւս եվրոպական երկիր, Բելառուսը նույնպես: Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է: Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, այլ նաեւ պատմական ընկալումը… Ռուսաստանը եկավ մեր տարածաշրջան որպես եվրոպական ուժ: Ռուսական մշակույթն ու քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են: Ճիշտ է, Ռուսաստանը նաեւ եվրասիական քաղաքակրթության մաս է: Ռուսաստանն ինքնին օրինակ է, թե ինչպես Արեւելքն ու Արեւմուտքը կարող են ներդաշնակորեն գոյակցել»: Ապա` Փաշինյանը հավելում է. «Մեզ համար Արեւելք-Արեւմուտք ընտրություն չկա: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք համաձայնագիր ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության վերաբերյալ: Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, եւ ԵՄ-ն դեմ չէ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը»:

Հարցազրույցից հայտնի է դառնում, որ վերջերս Երեւանում Փաշինյանն ու Պուտինը հրավերներով են փոխանակվել: Հաջորդ տարի ակնկալվում է նախ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան, ապա՝ Պուտինի այցը Հայաստան:

Ռուսաստանը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը

Հոկտեմբերի 29-ին Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՀՀ ՊՆ-ում կայացել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ նրա առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվել էր ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Շոյգուն իր ողջույնի խոսքում նշել էր, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից, ընդգծել էր տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ: «Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը եւ դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարեւորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետեւողական զարգացումը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը»,- ասվում էր ՀՀ ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Շոյգուի այցի արդյունքներով ստորագրվեց ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ ՌԴ Պնախարարի այցը մեկնարկեց Գյումրիից, որտեղ ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ ունեցած քննարկումների, որից հետո Երեւանում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը:

Դավիթ Տոնոյանը եւ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին մասնակցել էին ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը: Վարժարանի շինարարությունն իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ՝ շինարարական եւ կառուցապատման նորագույն տեխնոլոգիաների ու ճարտարապետական լուծումների կիրառմամբ:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանն էլ ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը: Շոյգուն արձանագրել էր, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ եւ արդյունավետ զարգանում է: «Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից եւ դրա հետագա զարգացման համատեքստում կարեւորել այսօր ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագրի ստորագրումը: Նիկոլ Փաշինյանը եւ Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Վերջին շրջանում Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի հանդես է գալիս կոշտ հայտարարություններով: Թուրքիայի իշխանություններն էլ իրենց հերթին՝ Բաքվի հայտարարություններին զուգահեռ իրենց աջակցությունն են հայտնում «եղբայրական Ադրբեջանին»: Հիշեցնենք, 2 շաբաթ առաջ Բաքվում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 10-րդ տարեդարձին նվիրված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշեց. «Ինչպես գիտեք, Նախիջեւանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջեւ պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Սիրիայում Թուրքիայի գործողությունների ֆոնին ակտիվացած Ադրբեջանում, ըստ ամենայնի, փորձում են Ռուսաստանից պատերազմի վերսկսելու «դաբրո» ստանալ: Շոյգուն Երեւանում արեց խիստ կարեւոր արձանագրում, երբ նշեց. «Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտունակ է եւ պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մեր ռազմական գերատեսչությունների փոխգործակցության մակարդակը թույլ է տալիս օպերատիվ լուծում տալ ընթացիկ խնդիրներին եւ ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին»:

Երեւանից Շոյգուն մեկնեց Բաքու:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930