Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Վարչապետն ինձ ասաց՝ երբ «Հոկտեմբերի 27-ի» գործով նոր հանգամանքներ լինեն, կվերաբացվի». Անահիտ Բախշյան

Նոյեմբեր 05,2019 22:50

«Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված կառավարական մակարդակով միջոցառման ակնկալիք ուներ: Նա իր չիրականացված ակնկալիքի մասին հայտնել էր լրագրողներին՝ դժգոհելով, որ այդ օրը չեղավ ոչ միայն կառավարական մակարդակով միջոցառում, այլեւ՝ վարչապետի հստակ ուղերձ:

Կա՞ ր կառավարական մակարդակով միջոցառման անհրաժեշտություն եւ ինչու չկազմակերպվեց մեր հարցին վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին արդեն երկրորդ անգամ մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա են եղել կառավարության անդամներ, Ազգային ժողովի փոխնախագահներ ու խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ»:

«Շատ հիասթափված եմ այդ պատասխանից, որովհետեւ, կարծում էի՝ մտածելու տեղիք է տվել, բայց, փաստորեն, ստանդարտ մի պատասխան է, որը ոչ միայն չի գոհացնում, այլեւ իմ վիրավորանքը խորացնում է»,- Aravot.am-ին ասաց Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով վարչապետի խոսնակի պատասխանին:

Տիկին Բախշյանի խոսքով, կառավարական մակարդակով միջոցառման ակնկալիք ոչ միայն ինքը, այլեւ հոկտեմբերի 27-ին գրեթե բոլոր     զոհվածների հարազատներն են ունեցել. «Որ 20-րդ տարելիցին կլինի կառավարության մակարդակով այնպիսի միջոցառում, որը կարտահայտեր այսօրվա իշխանության քաղաքական տեսակետը: Ի վերջո, դա հանցագործություն էր պետության դեմ, ակնկալում էի՝ պետությունը՝ի դեմս կառավարության, տեր կկանգներ որպես տուժող, որովհետեւ առաջին տուժողը հենց պետությունն էր: Բայց ստացվում է՝ ինչպես տարիներ շարունակ , չգիտեմ՝ ոգեկոչում ասելով ինչ նկատի ունեն, ոչ մի ոգեկոչում էլ չկա, հուշարձանին ծաղիկ դնելը ինչ ոգեկոչում, ոչ մի ոգեկոչում էլ չկա: Այսպես կոչված ոգեկոչման արարողությունից հետո ինչ-որ թեյախմության մեզ հրավիրեցին, որտեղ վարչապետը ներկա չէր»:

Հաշվի առնելով, որ հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդները կարծում են, որ «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման համար իշխանության կամքն ու շահագրգռվածությունն է պետք, վարչապետն ինչ դիրքորոշում ունի գործի վերաբացման հարցում. այս հարցին վարչապետի խոսնակը պատասխանեց. «Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ վճռական է Հայաստանում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»:

«Չեմ բացառում, որ քաղաքական կամք կա, բայց այդ քաղաքական կամքը ցույց տվող քայլերն են բացակայում: Անձամբ ինձ, հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի բակում վարչապետն ասաց՝ երբ որ նոր հանգամանքներ կլինեն, կվերաբացվի, ասացի՝ մենք ձեզ կհուշենք այդ նոր հանգամանքները: Հանգամանք առաջին՝ գլխավոր դատախազին եմ դիմել՝ խնդրելով ինձ տրամադրել 2004 թվականի նոյեմբերի 11-ին քննչական կոմիտեի ղեկավարի կողմից կայացված որոշումը, որով կարճվել է քրեական գործը. մենք չենք տեսել ու չունենք այդ կարճման որոշումը, հիմա պահանջել եմ ե՛ւ այդ որոշումը, ե՛ւ այն ուղեկցվող գրությունը, որով պետք է փաստեին, որ ես ստացել եմ կարճման որոշումը»,- ասաց տիկին Բախշյանը:

Արփինե ՍԻՄՈնՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930