Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հունաստանի նախագահի հետ խոսել ենք մեր քաղաքացիների համար Եվրամիության մուտքը պարզեցնելու մասին. Արմեն Սարգսյան

Նոյեմբեր 05,2019 20:22

«Ակնկալվում է համագործակցությունը խորացնել նաեւ տնտեսության ոլորտում: Մենք խոսեցինք պարոն նախագահի հետ, որ Հայաստանը կարող է դառնալ Հունաստանի համար դարպաս դեպի ԵԱՏՄ: Հունաստանը Հայաստանի միջոցով կարող է մուտք ունենալ դեպի 200 միլիոնանոց շուկա»,-այսօր Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախագահական նստավայրում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաեւ հայտնեց, որ Հունաստանի նախագահի հետ քննարկել են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքը պարզեցնելու հարցը:

Արմեն Սարգսյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

Հունաստանի նախագահն ասաց.«Շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության եւ ընդունելության համար: Այս այցը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների հարաբերություններում: Հեռանկարներ, որոնք ձեւավորվել են մեր ջանքերի շնորհիվ, որոնք մեր հանդիպումից հետո էլ ավելի են ամրապնդվելու եւ շարունակվելու են»: Նա իր ելույթում հիշեցրեց հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները՝ նշելով, որ իրենք երբեք չեն մոռանա այն մղձավանջերը, որոնց միջով անցել են երկու ժողովուրդները:

Ասաց, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ եւ պատասխան տա. «Մենք պետք է հիշենք ցեղասպանությունները, որպեսզի երբեւիցե դա տեղի չունենա: Մենք ուրախ ենք, որ օրեր առաջ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդլայնեց ցեղասպանությունը ճանաչածների շրջանակը: Մենք 1996թ. խորհրդարանի մակարդակով ճանաչեցինք հայերի ցեղասպանությունը, սահմանեցինք ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օր, եւ 2014թ. քրեականացրեցինք հայերի ցեղասպանության ժխտումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն ճանաչեցիք Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այստեղից մենք ուղերձ ենք ուզում ուղարկել դեպի Թուրքիա: Նա պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա, պետք է ներողություն խնդրի»:

Հունաստանի նախագահն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների սփյուռքերին. «Մեր ժողովուրդների սփյուռքերը ևս համագործակցում և աշխատում են: Մենք մեծ տարածքներ չունենք, չունենք մեծ բնակչություն, մեր սփյուռքի պատճառով մենք չունենք սահմաններ, մեր սփյուռքը բաղկացած է այն անձանցից, որոնք ծաղկում են և երբեք չեն մոռանում իրենց հայրենիքը, դա ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի և Հունաստանի սփյուռքերի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930