ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակասություններ չունեն: համենայնդեպս, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նման պնդում արեց Նարեկ Զեյնալյանը:
Լրագրողները հիշեցրին, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքից ազատել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին, Նարեկ Զեյնալյանը քննադատել էր`ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումը կատարելով. «Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:
Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված: Մտահոգիչ են նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը ոլորտի վերաբերյալ»:
Նարեկ Զեյնալյանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ:
«Մենք մի կուսակցության անդամ ենք, թիմակիցներ ենք։ Լինում են որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ, որոշ հարցերի շուրջ անհամաձայնություններ։ Սա նորմալ աշխատանքային մթնոլորտ է»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ