Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխող պատգամավորն իր սենյակում նստած ծխում է, այստեղ լուծումը ո՞րն է». Նարեկ Զեյնալյան

Նոյեմբեր 05,2019 18:55

ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, ծխելու դեմ պայքարի  օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, հյուրի կարգավիճակով ներկա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարց տվեց ծխախոտային նոր միջոցների արգելման մասին, քանի որ դրանք ծուխ չեն արտանետում եւ հետաքրքրվեց`նախագիծը ներկայացնելիս վարչարարական եւ մնացյալ ծախսերը հաշվարկվե՞լ են, որքա՞ն լրացուցիչ ծախս է պահանջվելու:

Կառավարության ներկայացուցիչը հարցի առաջին մասով ասաց, որ առողջապահական տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների համաձայն, ծխախոտային նոր միջոցներն ունեն նույն ազդեցությունը, ինչ-որ ծխախոտը, ուստի նույն կերպ պետք է կարգավորվեն: Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ հակառակն ապացուցող գիտական աղբյուրներ վկայակոչեց`մի քանի էջից բաղկացած, դարձյալ միջազգային կառույցներին հղումներ անելով: Մասնագիտական բանավեճից Բաբկեն Թունյանը եզրահանգում արեց եւ ավելի ուշ հեգնեց կառավարության ներկայացուցչին. «Եթե որեւէ կառույցի ասածը ձեր սրտով է, դա վստահելի եք համարում, եթե ձեր սրտով չէ`անվստահելի է. դուք դա բաց տեքստով ասացիք»:

Վարչարարության մասով էլ կառավարության ներկայացուցիչը ասաց`վերահսկող մարմինների հետ կրթական եւ իրազեկման աշխատանքներ կտարվեն, ուստի ի տարբերություն նախորդ տարբերակի, որը օրենքի կիրառումը սահմանում էր 2020-ի մայիսից, այս տարբերակով նախատեսվում է որոշ դրույթների`ավելի ուշ կիրառում: Վարչարարությունը թեթեւացնելու նպատակով նաեւ ինովացիոն տեխնոլոգիաներ կկիրառվեն, բացի տեսչական ստուգումներից, ահազանգերի դեպքում, լրացուցիչ ստուգումներ կլինեն: Ծախսերի մասով կառավարության ներկայացուցիչը լռեց, թեեւ Բաբկեն Թունյանը երեք անգամ հորդորեց թիվ հնչեցնել: Հետո ասաց`չի գնահատվել: Նարեկ Զեյնալյանը լրացրեց`գնահատվել է, բայց թիվ այդպես էլ չհնչեց: Կառավարության ներկայացուցիչները` 5-6 հոգանոց խումբ, նաեւ շահագրգիռ հասարակական կառույցների ներկայացուցիչները նեղսրտեցին խնդրի` տնտեսական դաշտ տեղափոխումից: Քննարկումը նրանք մղեցին առողջապահական դաշտ`փորձելով ապացուցել, որ ծխելու արդյունքում թոքի քաղցկեղով հիվանդանալն ավելի մեծ բեռ է թե տվյալ մարդու, թե պետության վրա, քան որեւէ այլ ծախս: Այստեղ եւս հղումներ եղան միջազգային փորձաքննություններին, հետազոտություններին:

Պատգամավորներից մեկի հարցն էլ ի պատասխան ասացին, որ այն երկրներում, որտեղ ծխելն արգելվել է, թոքի քաղցկեղը նվազել է 90 տոկոսով: Մասնագիտությամբ բժիշկ եւ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այս թվի մասով վերապահում ունի, իսկ նրա հարցը`թոքի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը ծխող ե՞ն, անպատասխան մնաց: Բայց ասվեց, որ եթե այսօր ծխելը վերացվի, թոքի քաղցկեղով մահացությունները 27 տոկոսով կկրճատվեն:

Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ հարցը քննարկվելու է բազմակողմանի եւ եթե որեւէ տնտեսվարող ՀՀ օրենքներին համապատասխան է գործում, նրա շահերը նույնպես պետք է հաշվի առնվեն:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ օրենքի կիրարկման համար լրացուցիչ ռեսուրս չի պահանջվելու, օրենքով սահմանված ընթացակարգերով նախատեսված մարմիններն իրականացնելու են վերահսկողություն: Նարեկ Զեյնալյանը չհամաձայնեց`լրացուցիչ ռեսուրս պահանջվելու է, այս պահին ոչ տեսչական մարմինը, ոչ ոստիկանությունն այդքան ռեսուրս չունեն: Բաբկեն Թունյանը հավելեց`30 միլիոն դրամ է հատկացվել կառավարության կողմից`առողջապահական տեսչությանը համակարգիչներ գնելու համար. «Այսինքն, այդ տեսչություն այսօր անգամ համակարգիչներ չունի»: Իսկ ոստիկանության մասով էլ նկատեց, որ իր կարծիքով, այդ գործառույթը այլ գործառույթի հաշվին պիտի իրականացվի, բայց եթե այդպես չէ, ուրեմն, «ոստիկանությունը պարապ է այսօր»:

Պատգամավորներին հետաքրքրում էր թե ինչո՞ւ ծխախոտի գործածումը կարգավորող գործող օրենքներով հնարավոր չէ հարցը կարգավորել: Օրինակ, գործող օրենքով, առողջապահական հիմնարկներում, ԱԺ-ում եւ այլ հաստատություններում ծխելու արգելք կա: Կառավարության ներկայացուցիչն ասաց`լավ չեն կիրառվում օրենքները, ենթաօրենսդրական ակտերն են թերի: Նարեկ Զեյնալյանը հարցրեց. «Նախորդ օրենքով հնարավոր չէր վերահսկել, այս օրենքով հնարավո՞ր է: Ծխող պատգամավորն իր սենյակում նստած ծխում է, այստեղ լուծումը ո՞րն է»: Կառավարության ներկայացուցչի պատասխանը «հեղափոխական էր». «Նախկին Հայաստանում օրենքների կիրառումը լինում էր շատ բարդ եւ ընտրության մասին օրենքն էր խախտվում եւ մնացած բոլորը, մենք վստահ ենք, որ վարչական հիմնարկները կպահպանեն սա…»:

Ավելի ուշ քննարկմանը միացած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`պատասխանելով պատգամավորների մտահոգություններին`կապված ծխելու մասով դրված արգելքներին, բայց սանկցիաներ չկիրառելու դեպքերին, ասաց, որ օրենքի նպատակը ոչ թե տուգանելը կամ սեփական «գառաժում մարդու ծխելն արգելելն» է, եթե նա ԱՁ է գրանցված, այլ պետության քաղաքականությունն է`որոշակի ուղղությամբ գնալը:

Նարեկ Զեյնալյանի համար խնդիր էր նաեւ դրույթը, որ դպրոցների, մանկապարտեզների մուտքից  տասը մետր հեռավորությունից մոտ ծխախոտի վաճառք չի թույլատրվում: Արսեն Թորոսյանը բացատրեց`որքան հեռու այնքան` լավ, բայց մտածել են, որ արդեն տեղակայված կրպակները կարող են փակվել: Եթե պատգամավորները կպնդեն` հեռավորությունը կմեծացնեն:

Նախարարը ահագնացած տեմպ է տեսնում նորարարական էլեկտրոնային սիգարետների օգտագործման մասով`դեռահասների շրջանում, արտադրողների իրականացրած ագրեսիվ գովազդի արդյունքում: Հասարակ ծխախոտ օգտագործողների թիվը վերջին հետազոտություններով, երկու տոկոսով նվազել է, փոխարենը երկու անգամ ավելացել է էլեկտրոնային սիգարետ օգտագործողների թիվը: Վերջին հետազոտություններով էլեկտրոնային սիգարետ օգտագործողների շրջանում մահացության դեպքերն էլ են ավելացել`սիգարետի օգտագործումից 2-3 ամսվա ընթացքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930