Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում բուհերի վերամիավորման թեման նորից օրակարգում․ նախարար Արայիկ Հարությունյանի պարզաբանումը (Ֆոտաշարք)

Նոյեմբեր 05,2019 18:45

Այսօր Գյումրիում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա  եկել  էր մասնակցելու « Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր համատնօրեն Չի-ֆուն-Չանի ու «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանի՝ Գյումրիում  հրավիրած մամուլի ասուլիսին։

Սակայն մինչ այդ նախարարն անակնկալ  այց կատարեց Շիրակի պետական համալսարան,   ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ շրջեց բուհի շենքում, ծանոթացավ  նիստերի ու սպորտային դահլիճների, գրադարան-ընթերցասրահի նյութատեխնիկական հնարավորություններին, եղավ անգամ ճաշարանում։ Ուսանողները, ճաշարանում տեսնելով նրան, անակնկալի եկան, նրանից ոմանք փորձեցին հեռանալ, որոնց նախարարը հորդորեց մնալ։

Իսկ ընթերցասրահում  զրույցի բռնվեց այնտեղ գտնվող դասախոսների հետ, ոտքի վրա քննարկվեց  հայոց լեզուն ու հայ գրականությունը, հայոց պատմությունը բուհերում դասավանդելու հարցը, խոսվեց այն մասին, որ Ջավախքից ևս ուսանողներն են գալիս Հայաստանի բուհերում սովորելու, որոնց կարիք ունեն հենց բուհում խորությամբ ուսումնասիրել վերոհիշյալ առարկաները։

Գյումրու տեխնոպարկում  «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հրավիրած մամուլի ասուլիսին մասնակցելուց հետո նախարարը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա ի սկզբանե հայտարարեց, որ թեմայից դուրս հարցերի չի պատասխանի, սակայն համաձայնեց խոսել Շիրակի պետական համալսարան կատարած իր այցի մասին։

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չհանդիպեց Շիրակի պետական համալսարանի անձնակազմի հետ․ չէ՞ որ նրանք դեռ հունիսից հանդիպում էին խնդրել  նախարարի հետ՝ վրդովվելով բուհը լուծարելու կամ միավորելու մասին նրա հայտարարությունից, Արայիկ Հարությունյանն․ «Գիտեք, որ այս նպատակով էի եկել (ի նկատի ունի «Սինոփսիս» ընկերության ղեկավարների ասուլիսին մասնակցելը, Ա․Ն․) ու քանի որ շուտ էի եկել, շրջեցի համալսարանում, ծանոթացա այն խնդիրներին, որոնք կան, հիմնականում ենթակառուցվածքների և ծրագրերի հետ կապված։

Շիրակի պետական համալսարանի 85-ամյակի  տոնակատարությունների շրջանակներում կրկին այցելելու եմ, Գյումրի գալու որոշումը երեկ երեկոյան եմ կայացրել, դրա համար հանդիպումը կարճ ժամանակում հնարավոր չեղավ կազմակերպել, բայց կգամ, կհանդիպենք։

Մենք նախատեսում ենք «Բարձրագույն կրթության և գիտության  մասին» օրենքի քննարկումներ, և հասկացա, որ մեծ հետաքրքրություն կա, գուցե և նախատեսենք մեկ նման քննարկում Գյումրիում՝ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ։ Քննարկենք բոլոր այն հարցերը, որոնք բարձրացվում են»։

Մեր հիշեցմանը, որ նրա՝ Շիրակի պետական համալսարանը լուծարելու կամ միավորելու մասին հայտարարությունը բավական մեծ վրդովմունք առաջացրեց Շիրակի պետական համալսարանի աշխատակիցների մոտ, կա՞ օրակարգում բուհերի վերամիավորման թեմա, նախարարն ասաց․ «Ես առիթ ունեցել եմ ասել, նախ՝ երբ որևէ վերնագիր  կամ մեկնաբանություն տեսնում են, դրա հետ ունեն խնդիր, պիտի քննարկեն, հասկանան՝ ի՞նչ  ի նկատի ունենք, երբ որ միավորման մասին ենք խոսում։ Այսօր ամբողջ Հայաստանում, շուտով օրենքի ընդունումից հետո բուհերի միավորումների և արդյունավետության բարձրացման հարցն է քննարկվելու և նաև Գյումրիի հետ կապված քննարկում կլինի։ Մենք ուզում ենք Գյումրիում  ունենալ  մի այնպիսի հզոր տարածաշրջանային բուհ՝ միավորելով այն կարողությունները, որոնք քաղաքում կան և որոնք  թույլ կտամ մեզ ունենալ նման հավակնություններ տարածաշրջանային բուհի, որտեղ ոչ միայն Հայաստանից, ոչ միայն Շիրակի հարակից մարզերից, այլ նաև հարևան երկրներից ուսանողներ կսովորեն»։

Մեր հարցին, թե դարձել եք ամենաքննարկվող նախարարը՝  քննադատությունների և հասարակական  որոշակի  պահանջների ներքո հնարավո՞ր է վերափոխեք ձեր կարծիքը, դիրքորոշումը, օրինակ՝  ասենք բուհերում «Հայոց լեզու»,  «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման շուրջ, նախարարն այսպես արձագանքեց․ «Իսկ ինչո՞ւ պիտի փոխվեին, ի՞նչ է տեղի ունեցել  Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին․․․»։

Նախարարը « Սինոփսիս» ընկերության ղեկավարների հետ շրջայց կատարեց Գյումրու «Կումայր»-ի արգելոցի տարածքում գտնվող պատմական շենքերում․ հետևեց  քաղաքային «Գորկի» զբոսայգում վերակառուցվող «Թումո» կենտրոնի շենքի շինարարական ընթացքին։ Հիշեցնենք, որ Գյումրու թատրոնի շենքը, որը նախկինում հայտնի էր որպես  «Ժողովրդական տուն» և որտեղ  բեմադրվել է առաջին օպերան՝  «Անուշ»-ը Արմեն Տիգրանյանի կողմից 1912 թվականին, հատկացվել է «Թումո» ստեղծարար  տեխնոլոգիաների կենտրոնին։

Այժմ քննարկվում է նաև հարակից պատմական կառույցը՝  հայտնի «Վառեմ, մարեմի» շենքը « Սինոփսիս» ընկերությանը  տրամադրելու հարցը։ Այն հաստատվելու դեպքում  Գյումրու պատմական այս հատվածը իրոք կվերածվի տեխնոքաղաքի, մի կողմից տեխնոլոգիական կենտրոնն է՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմական շենքում տեղակայված, մյուս կողմից կլինեն նորարական տեխնոլոգիաների վերոնշյալ կենտրոնները։

Նախարարը հյուրերի հետ եղավ նաև մարզային գրադարանում․ շրջեց, ծանոթացավ պայմաններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930