Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանի ծխելու դեմ պայքարի նախագիծը խորհրդարանում

Նոյեմբեր 05,2019 18:22

ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում էր կառավարության ներկայացրած`ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հեղինակած նախագծերի փաթեթը «Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին»

Հանձնաժողովը գլխադասային չէ, բայց ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս նախագծերի փաթեթը քննարկել նաեւ այս հանձնաժողովում եւ եզրակացություն տալ` ելնելով հարցի կարեւորությունից:

Սույն նախագծով, հիշեցնենք, արգելքներ եւ սահմանափակումներ են դրվում ծխելու համար նախատեսված վայրերի, ծխախոտի, փոխարինիչների վաճառքի եւ գովազդի մասով: Նաեւ տուգանքներ են սահմանվում:

Նախարարը սկզբում քննարկմանը չէր մասնակցում, հարցի քննարկումը նախատեսվածից ուշ սկսվեց, Արսեն Թորոսյանն էլ կառավարությունում պետք է բյուջեի քննարկումներին մասնակցեր: Սակայն հարցի քննարկումը երկար տեւեց` երկու ժամից ավել, ուստի, վերջում նաեւ նախարարը միացավ:

Քննարկման վերջում, լրագրողների հետ զրույցում, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց`իրենք սկզբունքորեն դեմ չեն նախագծին, սակայն հարցեր կան, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Առողջապահության տեսանկյունից խնդիրներ չկան, խնդիրները, ըստ պատգամավորների, տնտեսական հարցերում են։ Հանձնաժողովն իր գրավոր եզրակացությունը`առաջարկներով, այդ թվում նաեւ խստացվող, կներկայացվի տնտեսական հանձնաժողովին: Օրինակ, մինչեւ 18 տարեկաններին ծխախոտի վաճառքի համար նախատեսված մինչեւ 50 հազար դրամ տուգանքը էականորեն ավելացնել եւ այլն: Նախագծի վերջնական եզրակացություն տալու է տնտեսական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովում հարցն օրերս կքննարկվի:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանին հետաքրքրում էին ծխախոտանման արտադրանքի նկատմամբ սահմանափակումները: Նրան անհանգստացնում էր, որ արգելքը կարող է նաեւ աղի ձողիկների եւ շոկոլադե ձողիկների վրա էլ տարածվի. «Սննդի դաշտ չմտնենք, եթե մեր խնդիրը փակ, կիսափակ տարածքներում ծխելն արգելելն է, որ ծխի ազդեցությունը չծխողները չզգան, ինչի հետ բոլորը համամիտ են… բայց սննդի դաշտ չմտնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930