Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների ամառային գործուղումների համար գնված ավիատոմսերի ծախսերն աճել են

Նոյեմբեր 05,2019 18:09

2019 թվականին հունիս-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտոնյաների գործուղումների համար ձեռք բերված ավիատոմսերի քանակական եւ արժեքային աճ է գրանցվել: Այս եզրահանգման է եկել «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն՝ ուսումնասիրելով ԷԿԵՆԳ-ի (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) հրապարակած տվյալները:

Այսօր «Մեդիա» կենտրոնում ՀԿ-ի ներկայացուցիչ Աստղիկ Ավչյանը՝ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշեց՝ 2018-ին ծրագրվել էր ծառայողական գործումների եւ շրջագայություների համար հատկացնել 4.7 միլիարդ դրամ, սակայն տարեվերջին ձեւավորվել է 700 մլն դրամի խնայողություն: Իսկ 2019-ի տարեսկզբին ծրագրվել է 4.6 մլրդ դրամ: Ավչյանի ներկայացմամբ՝ 2019-ի հունիս-օգոստոսին պետական պաշտոնյաները ձեռք են բերել 1576 ավիատոմս, ընդհանուր 355 մլն դրամի, 2018-ին՝ 1552 ավիատոմս՝ 301 մլն դրամի, այսինքն՝ 27%-ով այս տարի աճել է ձեռքբերված ավիատոմսերի քանակը, արժեքն աճել է 18%-ով:

Պետական 10 խոշոր կառույցները ավիատոմսերի ձեռքբերման դաշտում 61%-ն են կազմում: Առաջատարը պաշտպանության նախարարությունն է՝ 2019-ի ամռանը ՊՆ-ն ձեռք է բերել 604 ավիատոմս, որի համար ծախսել է 102 մլն դրամ, ավիատոմսերի միջին արժեքը կազմել է 169 հազար դրամ։ ՊՆ-ի ավիատոմսերի ծախսերն ավելացել են 18 մլն դրամով:

«Ձեռքբերված ավիատոմսերի միջին արժեքը մի փոքր նվազել է: Եթե նախկինում միջինում գինը կազմում էր 234 հազար դրամ, այս տարի կազմում է 206 հազար դրամ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարի ձեռք էին բերվում բիզնես կարգի ավիատոմսեր, այս տարի՝ ոչ»,-ասաց Ավչյանը: Նրա խոսքերով՝ 2019-ի հունիս-օգոստոսին վարչապետի աշխատակազմը ձեռք բերելով ավելի մեծ քանակի ավիատոմսեր՝ 2 մլն դրամով քիչ գումար է ծախսել՝ նախորդ տարվա համեմատ. «Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմը քառապատկել է ավիատոմսերի քանակն էլ, գումարն էլ»:

Ըստ ՀԿ-ի հրապարակած արդյունքների, 2019-ին վարչապետի աշխատակազմը հունիս-օգոստոսին ձեռք է բերել 46 ավիատոմս՝ 13.2 միլիոն դրամ ծախսելով, իսկ նախագահի աշխատակազմը նույն ժամանակահատվածում գնել է 29 ավիատոմս, ծախսելով 8.5 միլիոն դրամ: 2018-ի ամռան երեք ամիսներին վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել 32 ավիատոմս, ընդհանուր 15.2 մլն դրամով, 2018-ի ամռանը նախագահի աշխատակազմը ծախսել է 2.3 մլն դրամ եւ գնել 7 ավիատոմս:

Աստղիկ Ավչյանի խոսքով՝ չնայած, որ այս տարի ամռանն ավիատոմսերի ձեռքբերման համար ավելի մեծ գումար է հատկացվել, սակայն ձեռքբերված մեկ ավիատոմսի միջին գինը նվազել է, նախկինում այն կազմում էր 241 հազար դրամ, իսկ այս տարի՝ 224 հազար դրամ. «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018-ի ամռանը ձեռք են բերվել ե՛ւ էկոնոմ (1248 հատ), ե՛ւ բիզնես (4 հատ) կարգի ավիատոմսեր, իսկ 2019-ին ձեռք է բերվել բացառապես էկոնոմ (1586 հատ) կարգի ավիատոմսեր»։

ՀԿ-ն բացահայտել է ավիատոմսերի գնման այնպիսի գործարքներ, որոնց գնման գինը ընթացիկ շուկայական գնից ավելի բարձր է։ Օրինակ՝ առողջապահության նախարարությունը հունիսի 14-ին ձեռք է բերել Երեւան-Սինգապուր եւ հետադարձ ուղղությամբ մեկ ավիատոմս 1.1 մլն դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: Հունիսի 21-ին ՊՆ-ն գնել է 1 ավիատոմս Երեւան-Ուլան Բատոր եւ հետադարձ ուղղությամբ՝ ծախսելով 1 մլն դրամ, սակայն այս ուղղությամբ ավիատոմսերի շուկայական գինը սկսվում է 500 հազար դրամից: Դասական երաժշտության աջակցության ՀԿ-ն գնել է 2 ավիատոմս, Ֆրանսիա-Վիեննա-Երեւան եւ հետադարձ ուղղությամբ, յուրաքանչյուր ավիատոմսի գինը կազմել է 819 հազար դրամ, իսկ շուկայական գինը սկսում է 200 հազար դրամից: Ոստիկանությունը հուլիսի 17-ին գնել է 2 ավիատոմս Երեւան-Վիեննա-Երեւան ուղղությամբ, յուրաքանչյուրը 763 հազար դրամով, սակայն, ինչպես ՀԿ-ն է նշում, ավիատոմսերի շուկայում այդ ուղղությանը բնորոշ միջին գինը կազմում էր 300 հազար դրամ, իսկ նվազագույնը՝ 200 հազար դրամ։

Նմանատիպ ծախսեր ՀԿ-ն բացահայտել է նաեւ 2018-ի հունիս-օգոստոսի ցուցանիշներում: Օրինակ՝ նախագահի աշխատակազմը գնել է 2 բիզնես կարգի ավիատոմս Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ, յուրաքանչյուրի արժեքը 919 հազար դրամ, նույն ժամանակահատվածում ավիատոմսերի միջին արժեքը կազմում էր 500 հազար դրամ։ Կրկին անցյալ տարվա հուլիսի 7-ին ոստիկանությունը գնել է էկոնոմ կարգի 3 ավիատոմս Լիոն-Մոսկվա-Երեւան ուղղությամբ՝ յուրաքանչյուրը 575 հազար դրամով, մինչդեռ, ըստ ՀԿ-ի, նույն ժամանակահատվածում առկա են լինում կրկնակի անգամ մատչելի ավիատոմսեր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930