Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ վարձերը՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կմուծի պետությունը

Նոյեմբեր 05,2019 17:56

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության նախագիծը՝ ՀՀ-ում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ միայնակ տարեցներին աջակցություն ասվածը նրանց կոմունալ վճարները փոխհատուցելն է. «Նրանք ապրում են սոցիալական բնակարաններում, իրենց սննդի հարցերը մենակ են լուծում, շատ դեպքերում պարտքեր են կուտակվում ու անջատում են նրանց էլեկտրաէներգիան, հատկապես՝ ձմռան ամիսներին: Մենք պետք է իրենց աջակցենք»:

Երկու նման շենք կա՝ Երեւանում եւ Մարալիկում, ինչպես նաեւ՝ մեկ օթեւան, խոսքը այդ շենքերի միայնակ տարեցների մասին է: Նրանց էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի վարձն այսուհետ կմուծի պետությունը: Փոխնախարարն ասաց, որ իրենց հաշվարկներով, միջինը 12 հազար դրամ են կազմում մեկի անձի կոմունալ վճարումները ու նախարարությունն իր խնայողությունների հաշվին դա կարող է մուծել: Տարեկան կտրվածքով 8.5 մլն-ի ծախս է: Այս պահին 59 միայնակ տարեց կա այդ շենքերում, բայց դա փոփոխվող թիվ է:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ սա հատվածական լուծում է, համակարգային չէ, որովհետեւ ՀԾԿՀ-ով էլ սոցիալապես անապահով խավերի համար արտոնյալ սակագին է հաշվարկվում, այդ ամենը պետք է բերել ու մի կենտրոնից կառավարվող դարձնել:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկեց, որ կրկնակի արտոնությունը մի կատեգորիայի համար քննարկեն ու հանեն:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ սա շատ բարի նախագիծ է, որովհետեւ այդ տարեցը տարվա կտրվածքով միջինը 144 հազար դրամ կխնայի ու դրանով իրեն հագուստ կամ սնունդ կգնի: Փոխնախարարն էլ հավելեց, որ միայնակ տարեցները պատմել են, թե ինչպես են մի կերպ անցկացնում ձմեռը. «Հագնում են իրենց վերարկուները, գազի մոտ նստում ու շուտ քնում են, որ ծախս չանեն»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930