ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Նա առաջարկում էր, որ այն մարդիկ, ովքեր աշխատել են մեկից ավելի գործատուների մոտ, գրանցված են եղել, եկամտահարկ են վճարել, նրա ստաժը հաշվարկելու ժամանակ դա նույնպես հաշվել: Որպես հիմնավորում՝ Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց այն, որ կառավարությունն ասում է՝ փող կա, բյուջեն ընդլայնվում է, ուրեմն կարող են ծախսերը մեծացնել ու պետք է արդյունավետ ծախսել, հետեւաբար, էլ ո՞ւմ, եթե ոչ թոշակառուներին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել՝ ասելով, որ երկրորդ, երրորդ տեղում աշխատողների համար կուտակային կենսաթոշակի համակարգն է լուծում տալիս եւ Ուրիխանյանի առաջարկն ընդունելու դեպքում լուրջ հաշվարկ է պետք, ինչի համար 5-6 տարի կպահանջվի:
«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը նույնպես դեմ է նախագծին. «Ինչքան աշխատավարձ ստանում ես, այդքանից հաշվարկվում է կուտակային կենսաթոշակը եւ գնահատվում է քո ստաժը: Այսքան հաշվակները եւ մեծ խնդիր ստեղծելը ինչո՞ւ է պետք: Եթե ստաժն ինչ-որ այլ բան է տալու՝ քննարկենք, իսկ եթե զուտ ֆինանսական է խնդիրը, կուտակային կենսաթոշակը այդ հարցի լուծումը տալիս է»:
Ուրիխանյանը իշխանականներին դիմելով՝ ասաց. «Բա լուրջ հաշվարկ է պետք՝ հաշվարկեք, եթե չեք կարողանում, տեղը զիջեք մեզ»:
Կարդացեք նաև
Ուրիխանյանին առաջարկեցին նախագիծը հանել շրջանառությունից, լրամշակել, որ ընդունելի լինի ու նորից բերել, նա չհամաձայնեց: Նախագիծը դրվեց քվեարկության եւ մերժվեց:
Այնուհետեւ քննարկման դրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների մասին «Իմ քայլակաների»՝ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի նախագիծը: Այն այնպես արագ ընդունվեց, որ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կատակեց. «Նախագիծը այ սենց կլինի՝ մատաղի նման ընդունելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ