ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն օրերս Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիներ էր մատնանշել:
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին լրագրողները հարցրեցին՝ կարդացե՞լ եք նրա այդ գրառումը, ի՞նչ գնահատական կտաք: Նա պատասխանեց. «Չեմ կարդացել, ինքը հո Սոկրատե՞սը չի, որ պիտի անպայման կարդամ եւ մեկնեմ: Ես չգիտեմ ինքը ինչ ճանապարհ է առաջարկում, բայց ես ավելի կարճ ճանապարհ եմ առաջարկում՝ մեկ նախադասությամբ՝ Վահե Գրիգորյանը թող հրաժարական տա, Սահմանադրական դատարանում կհալալվի, կզուլալվի: Դա իմ առաջարկն է»:
Երբ փոխանցեցին՝ ըստ Վահե Գրիգորյանի, լուծումը ԱԺ-ում է, Գեւորգ Պետրոսյանը չհամաձայնեց. «Ոչ, նա չի իմանում Սահմանադրությունը: ՍԴ անդամի նկատմամբ կարգապահական տույժ կարող է կիրառի հենց Սահմանադրական դատարանը, թող էթա օրենքները կարդա, հո մենակ ընտրվելով չի: Խորհրդարանն այստեղ անելիք չունի: Եթե որեւէ հիմք առաջանա որեւէ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու…բայց այս պահի դրությամբ ՍԴ-ն աշխատում է եւ այնտեղի միակ խոչընդոտի, միակ ճգնաժամի անուն ազգանունն է Վահե Գրիգորյան»:
Ըստ Գեւորգ Պետրոսյանի, խորհրդարանը կարող է իրավաքաղաքական գնահատական տալ, բայց խորհրդարանի գնահատականը չպետք է անցնի այն սահմանը, որը կոչվում է դատական իշխանության անկախություն. «Ցանկացած աշխատողի անկախ, անաչառ, օբյեկտիվ գործելու երաշխիքը նրանց իրավական պաշտպանվածությունն է: Եթե մենք ՍԴ-ի դատավորներին դարձնենք միանգամյա օգտագործման ափսե, օգտագործենք ու շպրտենք, ոչ մի դատավոր չի լինի: Նա պիտի երաշխավորված լինի ցանկացած ոչ իրավաչափ ազդեցությունից, ճնշումից, միջամտությունից: ԱԺ-ն պետք է իր գնահատականներով չխախտի դատարանի անկախության գաղափարը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե ՍԴ անդամը, նախագահը լեգիտիմ չի՞ ընտրվել՝ Պետրոսյանը պատասխանեց, որ եթե լեգիտիմ չի, դա կարող է վիճարկվել. «Եթե խախտել է օրենքը, խնդրեմ, պատժեք, բայց ցույց տվեք մի հատ դատավոր, որ լեգիտիմ չի, մենք էլ որոշենք ինչ անենք: Ո՞վ է ասել լեգիտիմ չի, Վահե Գրիգորյա՞նն է ասել, եթե նա Սահմանադրություն կարդացած լիներ, կիմանար, որ ՍԴ նախագահ ընտրում է ՍԴ-ն՝ իր կազմով ու ԱԺ-ից մինչեւ 300 մետր ՍԴ հլը չհասած՝ ասաց՝ ես եմ նախագահը»:
Հարցին՝ այսինքն, դուք գտնում եք, որ եթե Վահե Գրիգորյանը հրաժարական տվեց, ժողովուրդը վստահելու է ու աչքերը փակ հավատալո՞ւ է ՍԴ-ի որոշումներին՝ նա պատասխանեց. «Դատարանն այնպիսի մարմին է, որ միշտ էլ դատարանի գործողություններից մի կողմը դժգոհ է մնում: Ես չեմ ասում ՍԴ-ն միշտ գործել է օրենքի տառին համապատասխան, ես չեմ ասում, որ ՍԴ-ն սրբերի հավաքածու է, ո՛չ: Բայց կոնկրետ այս դեպքում, եթե չկա որեւէ արարք, մենք ի՞նչ հիմքով մարդուն պատժենք: Էդ նույն հաջողությամբ ես էլ կասեմ՝ դե ես էլ ամբողջ դատական համակարգին չեմ վստահում, եկեք բոլոր դատավորներին ստիպենք հրաժարականներ տան: հետո՞, բա արդարադատությունն ո՞վ է իրականացնելու: Մի բան լուծարելիս, մի բանից հրաժարվելիս դու պետք է ունենաս դրա երաշխավորված այլընտրանքը: Եթե դու չունես երաշխավորված որակյալ այլընտրանք, դու իրավունք չունես հրաժարվել նրանից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ