Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կանխատեսում Կենտրոնական բանկը. նաեւ պարզաբանում երկրից կա՞ մեծ չափերի հասնող կապիտալի արտահոսք

Նոյեմբեր 05,2019 15:45

Aravot.am-ի հարցին, թե վերջերս կրկին մամուլով լուրեր շրջանառվեցին, որ մեծ չափերի հասնող կապիտալի արտահոսք է տեղի ունենում Հայաստանից, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Արտահերթ հայտարարություններ են անում, ինչի հիման վրա են ասում, ինչքա՞ն գումար է արտահոսել, ես չեմ կարող ասել՝ աղբյուրը որտեղից է»:

ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը, շարունակելով հարցին պատասխանել, ասաց՝ այդ բոլոր գումարների հոսքի աղբյուրը, այն ինչ որ հնարավոր է գտնել, մեր վճարային հաշվեկշիռն է. «Դժվար թե մենք ունենայինք նման չափերով արտահոսք, դուք էլ գիտեք թե Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում ինչքան է շուկայից արտարժույթ գնել, որը անուղակի վկայությունն է, որ արտարժույթի բավականին զգալի ավելցուկ կա շուկայում»:

ԿԲ մասնագետներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքներն ու դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումները:

Վահագն Գրիգորյանը ասաց. «Մեր երրորդ եռամսյակի ծրագրում նախանշված է, որ կունենանք տարին 1,5 տոկոս գնաճ, բայց վերջին զարգացումներով հնարավոր է գնաճը մի փոքր ավելի ցածր լինի այդ մեկուկես տոկոսից, ինչը հիմնականում կախված է միրգ-բանջարեղենի գների տատանումներից, որը ոչ թե պահանջարկի այլ առաջարկի գործոններով են պայմանավորված»:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստան չեն գալիս երկար եւ էժան փողեր, որպեսզի վարկերի տոկոսներն իջնեն, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց՝ «Ճիշտն ասած՝ պնդումը, երբ ասում ենք վարկերը բարձր տոկոսադրույք ունեն, թանկ են, ես չեմ հասկանում: Սովորաբար էժան կամ երկարաժամկետ փոխեր ասվածը դրանք կենսաթոշակային ֆոնդերն են կամ ապահովագրական շուկան, մասնավորապես՝ կյանքի ապահովագրություն ասվածը, ինչը, ինչպես պատմությունն է ցույց տալիս կյանքի ապահովագրությունը ձեւավորվում է որպես հետեւանք կենսաթոշակային բարեփոխումների, որոնք սովորաբար տեղի են ունենում երկրում: Մենք արդեն իսկ իրականացրել ենք կենսաթոշակային բարեփոխում եւ Հայաստանում ձեւավորվել է բավականին մեծ միջոցների պորտֆել, որոնք կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տնտեսությունում»:

Մանրամասները՝ տեսանյութում

ԿԲ մասնագետները նաեւ նշեցին, որ շարունակվում է համաշխարհային պահանջարկի թուլացման միտումը անորոշությունների աճի ներքո, ինչի հետեւանքով էլ բիզնեսի վստահությունը նվազում է: Վահագն Գրիգորյանը պարզաբանեց, որ խոսքն աշխարհի մասշտաբով է եւ ոչ միայն Հայաստանի: Ըստ նրանց, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930