Մոտ 105 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրությունում բնակվող հայ համայնքի անդամները համակարգված կերպով ոչնչացվեցին կառավարող իշխանության հրամանով: 1.5 միլիոն հայերի՝ որպես էթնիկ փոքրամասնություն, հավաքվեցին մի տեղում և սպանվեցին ու քշեցին Սիրիայի անապատներ՝ մեռնելու, գրում է իսրայելական հեղինակավոր The Jerusalem Post թերթն իր խմբագրականում:
Հայոց ցեղասպանությունն իր ժամանակներին հայտնի էր: Օսմանյան կայսրության գերմանական ռազմական կցորդն այն բնութագրել է որպես «բնաջնջում », այլ գրառումներում մանրամասն նկարագրվել են այն սարսափները, որոնց միջով անցել են վերապրածները: Կանայք վաճառվել են ստրկության և բռնաբարվել, երեխաներին թողել են սովից մահանալու: Որպես Հոլոքոստի և «Իսլամական պետության» ոճրագործությունների նախերգանք՝ հայերի սպանդը սկիզբն էր նմանատիպ զանգվածային ոճրագործությունների 100 տարիների:
Որպես ցեղասպանության արդյունքում հիմնադրված պետություն՝ Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում կոտորածի և կառավարության կողմից համակարգված սպանության ենթարկված փոքրամասնություն: Հայերի պես, հրեաները ստիպված էին ապրել որպես փոքրամասնություններ այնպիսի ռեժիմների ներքո, ինչպիսիք էին գերմանացիները կամ լեհերը, օգտվելով «պաշտպանությունից» այնքան ժամանակ, քանի դեռ դա չէր հակասում պետության շահերին, գրում է թերթը:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն անցավ ճնշող մեծամասնությամբ՝ 405 ձայնով՝ հաստատելով, որ ԱՄՆ-ը ճանաչում է ցեղասպանության փաստը և «պատշաճ կերպով ոգեկոչելու է 20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկի հիշատակը»: ԱՄՆ-ը նման քայլի գնաց Թուրքիայի հետ վերջին շրջանում լարվածության պատճառով:
Կարդացեք նաև
Ցավոք, Իսրայելը նույն կերպ չգործեց՝ հիմնականում այն քաղաքական հրահանգի պատճառով, ըստ որի Թուրքիային պետք է սիրաշահել, շարունակում է թերթը: Հայոց ցեղասպանության ճանաչումը հարված կհասցներ Թուրքիայի հետ Իսրայելի կապերին, փաստարկ, որը տարիներ շարունակ շահարկվում է:
Արդյունքում ստեղծվել է անցանկալի մի իրավիճակ, երբ մեր երկիրը, որը ստեղծվել է հետապնդումներից վերապրածների կողմից, օգնության չի հասել նման իրավիճակի մեջ հայտնված մեկ այլ փոքրամասնության: Տասնամյակներ առաջ դա կարող էր իմաստ ունենալ Իսրայելը ղեկավարող սերունդների ռեալպոլիտիկում: Նրանց հարկավոր էին բարդ փոխզիջումներ, ինչպես, օրինակ, Իսրայելի և Գերմանիայի միջև փոխհատուցման համաձայնագիրը 1952 թվականին:
Այժմ մենք ունենք արժանի հնարավորություն՝ ուղղելու այդ սխալները: Իսրայելա-թուրքական հարաբերությունները ամենացածր մակարդակում են, քան երբևէ: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սադրել Իսրայելին ՝ հակասեմականության ամենաարատավոր ձևով, ինչը ավելի լայն ավտորիտար, ծայրահեղ աջ օրակարգի մի մասն է, որը նա առաջ է տանում Թուրքիայում և տարածաշրջանում: Սեպտեմբերին ՄԱԿ-ում նա Իսրայելը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ. «Երբ մենք նայում ենք հրեաների դեմ նացիստների ցեղասպանությանը, մենք պետք է նույն տեսանկյունից նայենք Գազայի հատվածում տեղի ունեցող ջարդերին»:
Էրդողանն իր ելույթում հարձակվեց Իսրայելի վրա, միևնույն ժամանակ, նա ցույց տվեց մի քարտեզ՝ պնդելով, որ Թուրքիան պետք է ներխուժի Սիրիա և էթնիկ զտում իրականացնի քրդերի շրջանում: Թուրքիայի մեկամսյա գործողությունը Սիրիայի հյուսիսում արդեն իսկ ավելի շատ կյանքեր է արժեցել, քան երկու տարում Գազայում սպանվածները: Թուրքիայի կողմից Սիրիայի ռմբակոծությունը պատճառ է դարձել փոքրիկ երեխաների անդամախեղության և 300 000 մարդու տեղահանման, եզրափակում է թերթը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ