Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Աֆրիկայում էլի անտիլոպներ է որսալու». Մարտի 1-ի գործով տուժող

Նոյեմբեր 05,2019 15:18

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) նոյեմբերի 5-ին շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գրիգորյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն: Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության անհրաժեշտություն առաջացել է ՍԴ որոշումներից մեկից հետո: Որոշումը կայացվել է նախորդ դատական նիստից հետո՝ հոկտեմբերի 15-ին»:

Այս առիթով առարկություն հայտնեցին մարտի 1-ի տուժողները և նրանց իրավահաջորդները: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Երբ դեռ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, 2008-ի մարտի 4-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ունեն տեսախցիկներ, որ ֆիքսել են բոլորը, թե ով, ում է սպանել, ովքեր են մեքենաներ վառել ու թալանել խանութներ և ՀՔԾ են ուղարկել, մեր իրավաբանները այդ գործը վեր կհանեն: Ի՞նչն է խանգարում փաստաբաններին այդ նյութերը բերեն, դնեն դատարանի առաջ»:

Մարտի 1-ի տուժող Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը դատարանի դահլիճում ասաց. «Ռոբերտ Քոչարյանին ճանաչելով 25 տարի՝ իշխանության տարիներին, հետո թե՛ բիզնեսով, թե՛ առյուծ որսալով, թե՛ Աֆրիկայում անտիլոպներ որսալով, թե՛ ահաբեկելով, նրան անհնար է ազատ արձակել: Մեկուկես տարի է՝ փաստաբաններն ասում են՝ երկնքից է իջել, ոտքերը ամպոտ են, ազատ արձակենք: Մարդիկ կան դեռ նրա հանցանքի պատճառով մահանում են, կինս սպորտսմենուհի մահացավ, հիմա նստել ենք ձվի մեջ մազ ենք ման գալիս՝ անընդհատ 301 հոդվածը: Հանցանքը կատարվել է: Եթե ՀՀ օրենսգրքի բոլոր հոդվածները վերագրենք Ռոբերտ Քոչարյանին, դա քիչ է: Եթե նա ազատ արձակվեց, Աֆրիկայում էլի անտիլոպներ է որսալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930