«Հուզանք ու Զանգ» ներկայացումը կրքեր է բորբոքել, ընդհուպ վարչապետն է դրան անդրադարձել: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նոյեմբերի 5-ին «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ փաստեց, որ միջոցառումների ոչ թե բուն խնդիրներն են թիրախավորվում, այլ այդ թիրախավորողներին առիթ է պետք հեղափոխությունը եւ գործող իշխանությանը վարկաբեկելու համար. «Միշտ լինելու է մարդկանց մի խումբ, որն ուղղակիորեն վարկաբեկելու է, անկախ նրանից, թե ինչ է արվում»:
Ինչ վերաբերվում է Գեւորգ Աբովին, որը ներառված էր հանրային ներկայացման տեքստային մասում, տիկին Խառատյանի խոսքով, շատ է շոշափվում, որ Աբովը մեր պատմության մեջ լավագույն կերպարներից չէ եւ ստալինյան բռնություններում ունի մեղքի իր բաժինը: Նա ներկայացրեց Աբովի կերպարը, որը ժամանակին Չարենցի մտերիմներից է եղել, նրանք միասին Կարս են գնացել եւ հայացքային ու ստեղծագործական ընդհանրություններ են ունեցել ֆուտուրիզմի համատեքստում: Բայց նաեւ շեշտում է, որ Գեւորգ Աբովին ներկայացման մեջ չներառելը ինչ-որ խնդիր է լուծում:
Ազգագրագետը դեմ է ծայրահեղական մոտեցումներին, բայց կարծում է, որ արժի իմանալ, թե Աբովի նման գործիչներից յուրաքանչյուրը ժամանակին ինչ դերակատարություն է ունեցել հանրային կյանքում:
«Մյուս հարցն այն է` պե՞տք է արդյոք թույլ տալ կամ չտալ…Եթե պետությունը չի ասում՝ չի կարելի, բայց մյուս կողմից ֆինանսավորում է հատկացնում, նշանակում է, ասում է` կարելի է: Եթե պետությունը ինչ-որ բաներ ֆինանսավորում է, ինքը դրանով կարծեք տալիս է հավանություն»,-ասում է ազգագրագետը:
Կարդացեք նաև
Տիկին Խառատյանի կարծիքով. «Արվեստն ազատ թողնելը նույն հարցն է, թե արդյոք պե՞տք է միտքն ազատ թողնել, դա քննարկման թեմա չէ»: Նրա կարծիքով, հնարավոր է ներկայացումը այլ տարածքում լիներ, այդքան աղմուկ չլիներ: Հրանուշ Խառատյանն ընդգծում է, որ վստահ չէ, թե ավանդական արժեքներից խոսողներից շատերը գիտեն , թե ինչ ասել է ավանդական արժեք:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրենի տնօրեն Ռուբեն Բաբայանը խոսելով պետբյուջեից ներկայացման ֆինանսավորման եւ ներկայացման դեմ ընդվզումների մասին, ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ կարելի է մինչև ֆինանսավորումը տեսնել որևէ բան…Նախ պետք է ֆինանսավորել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել, իսկ միշտ չէ, որ իրականացվածը լավն է։ Ամեն դեպքում, պետությունը չպետք է որոշի, պետության գործը ֆինանսավորելն է»: Նա նաեւ համոզված է. «Քանի դեռ մշակույթը պետական մակարդակով չի կարևորվում, ուրեմն կլինի այս ատելությունը»:
Պարոն Բաբայանի կարծիքով, ինչ վերաբերում է ազգայինին, ազգայինը հենց այն է, որ ունի որակ: Նա նշում է, որ զուտ գեղագիտական համատեքստում չէր հանրային ներկայացման դեմ ուղղված բողոքը, այստեղ այլ խնդիր կար` կոնկրետ և ուղղորդված շարժում էր։ Ռեժիսորը կարծում է, որ այս ամենը նպատակ ունի անջատվել բոլոր եվրոպական կառույցներից, քանի որ ոմանց կարծիքով, եվրոպական արժեքներն իբր աղավաղում են մեր ազգային ինքնությունը, փորձում պոկել արմատներից: «Ես նայել եմ պերֆորմանսը, այո այն անհաջող էր, բայց շատ ավելի անհաջող փորձեր էլ են եղել, այնպես որ, եթե դուր չի գալիս, մի նայեք, ինչո՞ւ նայել ու բարկանալ»,-ասաց Բաբայանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջից: