Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանքը. դատախազները դեմ են

Նոյեմբեր 05,2019 14:54

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) նոյեմբերի 5-ին շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին մասնակցում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գրիգորյանը:

Մինչ դատարանում ՝ նիստերի դահլիճում ընթանում է դատական նիստ, դրսում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրականացնում են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

Նախագահող դատավորը հետաքրքրվեց առանց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի շարունակե՞լ դատական նիստը, առարկություն չեղավ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին, որ Մարինա Պողոսյանը ստանձնի տուժող Սուրեն Հովհաննիսյանի շահերի ներկայացումը, քանի որ նա փաստաբան չէ: Սակայն դատարանը որոշեց թույլատրել Մարինա Խաչատրյանին իրականացնել Սուրեն Հովհաննիսյանի պաշտպանությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության անհրաժեշտություն առաջացել է ՍԴ որոշումներից մեկից հետո: Որոշումը կայացվել է նախորդ դատական նիստից հետո՝ հոկտեմբերի 15-ին»:

Այնուհետև հորդորեց առաջնահերթ քննարկել այս միջնորդությունը: Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չարաշահում են խափանման միջոցի հետ կապված միջնորդություն ներկայացնելու իրենց իրավունքը. «Նախորդ դատական նիստում ենք քննարկել խափանման միջոցի հարցը, տպավորություն է, թե դատարանը միայն դրանով է զբաղված: Դատական նիստը պետք է շարունակել՝ այլ հարցեր քննարկելով և սահմանափակել նույն միջնորդությամբ հանդես գալու՝ կողմի իրավունքը»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը շեշտեց՝ խոսում ենք անձի անձնական ազատության իրավունքի մասին, ինչն առաջնահերթ է: Այնուհետև հայտարարեց. «Սույն գործի քննության ընթացքում շուրջ հինգ ամիս գտնվելով ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, մասնակցել է դատական նիստերին, չի կատարել քննությունից խուսափելուն ուղղված գործողություններ: Այսինքն՝ դատարանը գտնում է, որ ներկա դրությամբ առկա չեն վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկեր: Անձին վերստին կալանավորելու համար պետք են նրա կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ քանակական և որակական տեսանկյունից առավել փաստարկված հիմնավորումներ: Հինգ ամսում որևէ փաստական տվյալ, որը ցույց կտա, որ կա քննությանը խոչընդոտելու ռիսկ, չկա: Ուստի հաշվի առնելով այն, որ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 15-ի որոշմամբ փաստացի ամրագրել է, որ գրավն ի զորու է զսպել խոչընդոտելու ռիսկը, ուստի միջնորդում ենք դատարանին գրավի միջոցը համարել թույլատրելի և սահմանել գրավի չափ»:

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը առկա է, և գրավը խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու երաշխիք չէ:

Նա հորդորեց հնարավորիս շուտ անցնել դատական քննության, որ կարողանան հարցաքննել վկաներին, որոնց նկատմամբ ճնշումների ռիսկեր կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930