Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House

Նոյեմբեր 05,2019 14:08

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում 2019» զեկույցը, որում Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների ցանկում:

Ըստ մեթոդաբանության՝ ազատ են համարվում 70-100 միավոր հավաքած երկրները: Ըստ այդմ՝ Հայաստանն ազատ է ճանաչվել 76 միավորով:

Զեկույցում նշվում է, որ մայրաքաղաք Երևանում և ամբողջ երկրում համացանցը լայն տարածում ունի: Վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է համացանցի արագությունը: 2019թ. մայիսին Speedtest-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ֆիքսված կապի միջին արագությունը 23.68 մբիթ/վրկ է, իսկ բջջային ինտերնետ կապինը՝ 29.05 մբիթ/վրկ:

Կառավարությունը չի անջատել համացանցի հասանելիությունը և ինտերնետային ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունն ապակենտրոնացված է: Նշվում է, որ կառավարությունը «հետևողականորեն կամ պարբերական կերպով» չի արգելափակել օգտատերերի հասանելիությունն առցանց կոնտենտին, ոչ մի առցանց լրատվամիջոց կամ հաղորդակցության հավելված չի սահմանափակվել: Կոնտենտի սահմանափակումները պայմանավորված են եղել հեղինակային իրավունքով և պոռնոգրաֆիկ բովանդակության առկայությամբ:

Ըստ Facebook- ի, Google- ի և Twitter- ի թափանցիկության վերջին զեկույցների, ՀՀ կառավարությունը որևէ հրապարակում հեռացնելու խնդրանքով չի դիմել այդ ընկերություններին:

Զեկույցում հիշատակվում է, որ 2019թ. մայիսին «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ծանուցում է ստացել է Ազգային անվտանգության ծառայությունից՝ խնդրանքով՝ հեռացնելու ենթադրյալ կեղծ ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում էր, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ծաղիկների բիզնեսն օգտագործում է  ապօրինի իրանական վառելիքի ներմուծման համար: Միսկարյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը, և գրառումը մնացել է իր էջում:

Նույն ամսում Facebook-ը սահմանափակել է որոշ փաշինյանամետ սոցիալական և քաղաքական ակտիվիստների օգտահաշիվները: Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Digital Granate  խումբը: Ըստ երևույթին, խումբը ֆեյսբուքյան օգտահաշիվների նկատմամբ մեծաթիվ բողոքներ է ուղարկել ՝ պահանջելով փակել դրանք: Ըստ Digital Granate-ի՝ այդ ակտիվիստներն «այլասերվածություն» են տարածել՝  ոտնահարելով «ազգային արժեքներն ու կրոնը»: Ավելի ուշ Facebook-ը վերականգնել է արգելափակված օգտահաշիվները:

Առցանց լրագրողները, մեկնաբանները և սովորական օգտատերերը համատարած ինքնագրաքննությամբ չեն զբաղվում: Առցանց տիրույթում տարածված են քաղաքական թեժ քննարկումները և քաղաքական կարծիքների բազմազանությունը:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2018-ի հուլիսին ՝ հայկական թավշյա հեղափոխության ֆոնին, մի խումբ հայտնի լրագրողներ, այդ թվում ՝ մի քանի առցանց լրատվամիջոցներ, հանդես եկան հայտարարությամբ, որով դատապարտում էին սոցիալական ցանցերում «անհանդուրժողականության մթնոլորտը» և լրատվամիջոցների քննադատական նյութերին ի պատասխան հնչող բռնության կոչերը:

Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում ենթակա է քաղաքական ճնշման: Որոշ դեպքերում առցանց լրագրողներին չի թույլատրվում շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոշ դեպքերում դրանք փոխկապակցված են կուսակցությունների հետ: Օրինակ, վարչապետ Փաշինյանի կինը ՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» հայտնի լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է: 2018թ. մայիսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հակոբյանը խոստացավ, որ նա և իր աշխատակազմը «կքննադատեն բոլորին»: Սակայն որոշ հետազոտողներ նշում են, որ «Հայկական ժամանակ»-ը Փաշինյանի իշխանության գալուց հետո հրապարակել է «կասկածելի մեծ քանակությամբ սենսացիոն նորություններ»: Դա ավելացրել է այն մտահոգություններ, որ այս լրատվամիջոցն օգտագործվում է վարչապետի շահերը առաջ տանելու համար, ասվում է զեկույցում:

Չնայած այս մտահոգություններին, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ առցանց տեղեկատվական լանդշաֆտի վրա անհամաչափ քաղաքական ազդեցությունը Փաշինյանի կողմից ավելի քիչ տարածված է: Զեկույցը մեջբերում է 2019թ. փետրվարին «Եվրասիանեթ»-ի հետ զրույցում media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքերն առ այն, որ «մամուլը Հայաստանում այժմ ավելի ազատ է, քան նախկին կառավարության օրոք»:

Թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցները և այլ օգտատերեր չեն բախվել կամայական տնտեսական կամ կարգավորող սահմանափակումների, որոնք էականորեն կանդրադառնային նրանց առցանց գործունեության վրա Փաստացի, Թավշյա հեղափոխությունը նպաստել է թվային մեդիայի աճին, ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930