Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն գումարը չէ, ինչը ժամանակին խոստանում էր իշխանության գալու դեպքում պետական բյուջե բերել Նիկոլ Փաշինյանը. «168 ժամ»

Նոյեմբեր 05,2019 12:34

Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը: Այս մասին օրերս Պետեկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ անցած 1,5 տարում այդ առումով աննախադեպ հաջողություններ են արձանագրվել։ Աննախադեպը, իհարկե, աննախադեպ չէ, նախկինում շատ ավելի լավ արդյունքներ են եղել, բայց որ այս տարի կառավարությանը հաջողվել է տնտեսության մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշի դրական դինամիկա արձանագրել, այդպես է։ Դրա վկայությունն է նաև հարկային մուտքերի այն աճը, որն առկա է 9 ամսվա կտրվածքով։ Այլ հարց է, որ դրանում նաև որոշակի մանիպուլյատիվ երևույթներ կան ու կառավարության գործունեության, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ առանձնապես կապ չունեցող գործոններ։ Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կտրուկ ավելացման մասին է, ինչը մեծապես ազդել է պետական բյուջեի եկամուտների ու հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի ունենք հարկային եկամուտների 21,6 տոկոս աճ։ Այն անհամեմատ ավելի բարձր է, քան տնտեսական աճը։ Դա նշանակում է, որ հարկային մուտքերի մի մասն այնուհանդերձ ստացվել է ստվերի հաշվին։ Կառավարությունը հույս ունի, որ այս տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 1,3 տոկոսով։ Ընդհանուր առմամբ ակնկալվում է նախորդ տարվա համեմատ ավելի հավաքել 205-206 մլրդ դրամ։

Սա այն գումարը չէ, ինչը ժամանակին խոստանում էր իշխանության գալու դեպքում պետական բյուջե բերել Նիկոլ Փաշինյանը։ Ամեն դեպքում, աճի տեմպը բարձր է։

Ու որքան էլ թվում է, թե հաջորդ տարի այն, եթե ոչ՝ ավելանար, ապա գոնե չպիտի պակասեր, պարզվում է, ամենևին էլ այդպես չէ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ստվերի դեմ պայքարը չի կարող դուրս գալ օրակարգից՝ կառավարությունն իր համար հարկերի հարաբերակցության բարելավման չափազանց ցածր նշաձող է սահմանել. այս տարի ակնկալվող 1,3 տոկոսի դիմաց՝ 2020թ. սպասելիքն ընդամենը 0,3 տոկոս է։

Այնպես չէ, որ ստվերային տնտեսությունը երկրում այնքան է կրճատվել, որ այլևս կրճատելու տեղ չկա։ Չնայած դրան, հաջորդ տարվա համար դրված է բավական համեստ ցուցանիշ, ինչն ըստ էության մեկ բան է նշանակում. դրանով կառավարությունը համարում է, որ ստվերի դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտված է։ Այդ մասին իր վերջին մամուլի ասուլիսում ակնարկեց նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահը՝ հայտարարելով, որ ամեն տարի դժվար է բարձր ակնկալիք ունենալ։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930