Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքե Իսայան. ԱԺ-ն ՍԴ-ի գործունեությանը քրեաիրավական գնահատական տալ չի կարող, քանի որ Սահմանադրության շրջանակներից դուրս գալ չի կարող. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 05,2019 12:20

Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կտրականապես համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ. «Եթե նույնիսկ նման նախադրյալներ կան, ապա դա տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնից Վահե Գրիգորյանը իրեն հռչակեց ՍԴ նախագահ՝ խաղալով քաջ հայտնի եւ հետագայում հերքված ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եզրույթների վրա»։

Դիտարկմանը, որ ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եզրույթների էապես տարբեր լինելու հանգամանքն, այնուամենայնիվ, չի հերքվել, եւ Վահե Գրիգորյանն իր հրապարակման մեջ եւս մեկ անգամ վերահաստատել է այդ պնդումը, Իսայանը հղում արեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախագծին, որտեղ անդամ եւ դատավոր եզրույթները գործածվել էին որպես հոմանիշներ։

Անդրադառնալով բազմիցս բարձրաձայնված խնդրին, որ Սահմանադրական դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը, Իսայանն արձագանքեց, որ բնականոն զարգացում ապրող երկրներում դատարանները ստեղծվում են արդարադատության իրականացման, իսկ ՍԴ-ն՝ որոշումների կայացման, օրենքների սահմանադրականության վերաբերյալ կարծիք տալու համար։ Իսայանի համոզմամբ՝ այն ժողովրդի կողմից ուղղակի ընտրվող մարմին չէ, հետեւաբար դրա հիմքում չի կարող լինել ժողովրդականության չափման հստակ սանդղակ, թեպետ, ըստ պատգամավորի, ժողովրդականությունը զարդարում է ցանկացած պետական ինստիտուտ։

Ինչ վերաբերում է Դատարանի անցած գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալուն, ապա, ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, եթե որեւէ պետական ինստիտուտի նման գնահատական չի տրվել, ապա ինչպե՞ս եւ ում կողմից պետք է դա տրվի ՍԴ-ին։

«Անհատների գործողությունների վերաբերյալ գնահատական ինչքան ուզեք տրվել է»,- նկատեց նա։

Զրուցակցի խոսքով՝ ԱԺ-ն ՍԴ-ի գործունեությանը քրեաիրավական գնահատական տալ չի կարող, քանի որ Սահմանադրության շրջանակներից դուրս գալ չի կարող, որովհետեւ ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ պատգամավորները, օժտված են կատարելու այնպիսի գործողություններ, որոնցով լիազորված են միայն օրենքով.

«Հակառակ պարագայում դա կարող է դիտարկվել Սահմանադրության խախտում»։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հրապարակման մեջ անդրադարձել էր նաեւ այն դիտարկումներին, թե եթե Դատարանը նիստեր է գումարում, ապա ճգնաժամ չկա։

«Ճգնաժամի  բացակայության մասին գերակշռաբար հենց ՍԴ անդամներից կամ նրանց հետ խստորեն փոխկապակցված շրջանակներից եկող պնդումների ողջ էությունն այն է, որ ՍԴ-ն շարունակում է նիստեր հրավիրել եւ անցկացնել, որոնց միայն անհնարինությունն է, որ կարող էր վկայել ճգնաժամի մասին։ Սա մի ֆորմալիստական մոտեցում է, որի նպատակը, բովանդակայինն ստվերում թողնելով, ձեւական պատճառաբանություններով պատնեշվելն է»,- մասնավորապես գրել էր դատավորը։

Խոսելով վերոնշյալի մասին՝ Շաքե Իսայանը մի այսպիսի հարց հնչեցրեց. «Կարո՞ղ է ՀՀ որեւէ քաղաքացի վաղը չներկայանալ աշխատանքի՝ պնդելով, որ տնօրենը ոչ լեգիտիմ է, նշանակված է նախորդների կողմից, իսկ կառույցի բնականոն աշխատանքը ֆորմալիստական բնույթ է կրում, բայց շարունակի այդ կառույցից աշխատավարձ ստանալ»։

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930