Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը։ Ներկայացումը վերցված է 1920-ական թվականների ֆուտուրիստ արվեստագետներից մեկի՝ Գեւորգ Աբովի «Հուզանք ու Զանգը» գրքից։ Ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը սինթեզող կատարողական արվեստի նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ։ Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ նրանք սատանիստներ են։ Քննարկումներն ավելի թեժացան այն բանից հետո, երբ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնեցին, որ «ՀուԶանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել։ Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է անվանի մարդկանց տեսակետները թեմայի շուրջ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյան
Բազմաթիվ բաներ կան, որոնք չեմ հասկանում։ Օրինակ՝ հենց վերջին պերֆորմանսը չեմ հասկացել, ոչ միայն՝ թե ինչ էր դա, այլ նաեւ՝թե ինչու։ Բայց շատ բնական եմ համարում, որ դա հասկացել են շատ այլ մարդիկ, բազմազանությունը նաեւ դա է։ Ուզում եմ ասել, որ ամեն չհասկացած բան սատանայապաշտություն անվանելը, մեղմ ասած, ճիշտ չէ, խավարամտության հոտ է գալիս։ Եղել են նման ժամանակներ, ու հույս կար՝ վաղուց են անցել։ Իսկ համարել, որ հասկացել ես ու հասկացել ես որպես սատանայապաշտություն, դա արդեն օբյեկտիվ խավարամտությունից բխող սուբյեկտիվ գոռոզամտություն է, կարծիքովս։ Առավել եւս, որ սատանայապաշտության թեման ինքնին արհեստական է, առավել եւս՝ Հայաստանում։ Համարյա նույնքան ակտուալ է, որքան Հայաստանի ֆորմալ իսլամացումը։ Թե ինչու, այլ խոսակցություն է, բայց դե էդպես է։
Պատկերացրեք՝ վերջին հարյուրամյակում ձեւավորված փսեւդոհայկական ենթամշակույթներին անծանոթ մեկը դիտի Գեւորգ Պետրոսյանի երաժշտական պերֆորմանսը դաշնամուրի հետ, գուցե թվա՝ նամազ է կամ բայաթի, ու կարծի՝ Պետրոսյանն իր մշակույթով իսլամ է քարոզում։ Բաց մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ։ Դա ուղղակի արվեստի տեսքով ինքնարտահայտման ձեւ է, որին անծանոթ մարդը կարող է սխալ հետեւություններ անել։
Կարդացեք նաև
Եթե մի բանից չեմ հասկանում, կարդում եմ։ Նույնիսկ պատահում է՝ չհասկանալս չխոստովանելով թաքուն եմ կարդում (այնքան պրիմիտիվ բան է լինում չհասկացածս, որ ամաչում եմ)։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Narek Aleksanyan Photography-ի: