«ՍԴ-ի ստեղծման օրվանից մինչև 2018 թվականը ՍԴ-ի գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալը ՍԴ ճգնաժամի հաղթահարման հիմքն է»,- «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գրառմանը։
Փաստաբան Կարապետ Բադալյանն ասաց, որ ՍԴ-ն այդ ամբողջ ժամանակահատվածում իր առաքելությունը ձախողել է և դա առավելապես արտահայտվել է կեղծված ընտրությունների արդյունքները հաստատելու որոշումներով։ «Այդ իրավաքաղաքական գնահատականը պետք է տան ոչ թե առանձին անձինք, պատգամավորներ, ԱԺ նախագահը, այլ դա պետք է անի ամբողջ Ազգային ժողովը։ Այդ գնահատականը պետք է ամրագրվի ԱԺ հայտարարությամբ։ Դա կլինի այն հիմնավորումը, պատճառաբանությունը, որի հիման վրա արդեն հաջորդիվ Սահմանադրության անցումային դրույթների համապատասխան հոդվածը կարող է փոփոխվել։ ԱԺ հայտարարությունը կլինի փոփոխությունների գաղափարական հիմքը»,-ընդգծեց Բադալյանը։
Իրավաբանը նկատեց, որ բոլորը, այդ թվում՝ ՍԴ ներկայիս անդամները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում փոփոխություն է եղել և չպետք է մոռանալ, թե այդ փոփոխությունը ինչու է եղել, ինչն է հանգեցրել դրան։ «Լավ կլիներ, որ ՍԴ մյուս դատավորը և մնացած անդամները իրենք դիրքորոշումը հայտնեին խնդրի հետ կապված, ոչ թե մենակ Վահե Գրիգորյանը։ Չնայած նրանց լռությունը խոսում է այն մասին, որ ոչինչ էլ չի փոխվել, իրենք մնացել են իրենց տեղում։ Բայց նրանք պետք է չլռեն։ Նրանք պետք է ընդունեն, որ հեղափոխություն է եղել, արժեքային փոփոխություն է եղել։ Արժեքային փոփոխություն, նոր էջի վերաբերյալ հայտարարություն պետք է լինի դատական համակարգի համար»,- ասաց Բադալյանը։
Մեր զրուցակիցը հույս ունի, որ գոնե այս երկրորդ փորձից հետո Ազգային ժողովը քայլեր կձեռնարկի և հանդես կգա ՍԴ գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալու նախաձեռնությամբ, որին պետք է արդեն հետևի ՍԴ կազմի համալրումը ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան կազմով. «Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան ժողովրդավարական, իրավական սկզբունքներին համապատասխան ձևավորված, որը կդառնա երաշխավորը Հայաստանում իրավական պետության կայացմանը։ Հակառակ դեպքում մենք կդոփենք տեղում, որը հավասարազոր է հետ քայլ կատարելուն»։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: