Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վարչապետի ուղիղ եթերը քաղաքացիների մոտ առկա կասկածները փարատելու նպատակ ուներ, սակայն տեղի է ունենում հակառակը՝ նոր կասկածներ են ի հայտ գալիս. «Փաստ»

Նոյեմբեր 05,2019 11:27

Ներկայիս կառավարության կողմից շռայլ ծախսեր կատարելու մասին տեղեկությունները ակտիվ հանրային քննարկման առարկա են դառնում: Եվ սա շատ բնական է, քանի որ քաղաքացիները ցանկանում են, որ հանրային միջոցները ծառայեն ըստ նպատակի, և վատնում տեղի չունենա:

Եվ ահա այդ լուրերը տևական ժամանակ օդում կախված մնալուց հետո վարչապետ Փաշինյանը որոշեց ուղիղ եթեր մտնել և այս խնդրի հետ կապված պարզաբանում տալ: Վարչապետի ասածներից ստացվում է, որ մոտ 200 հազար դոլար է ծախսվել պետական միջոցներից միայն մեկ առանձնատան վերանորոգման համար, սակայն հանրությունը չստացավ այն հարցի պատասխանը, թե ինչով էր պայմանավորված այդպիսի վերանորոգում կատարելու ծայրահեղ անհրաժեշտությունը, երբ բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, և նման գումարները կարող էին նպատակաուղղվել նրանց հոգսերը թեթևացնելու համար:

Ի վերջո, միջինը 10 տոկոսով թոշակները բարձրացնելու համար աշխարհացունց հրճվանք ապրող իշխանությունները անհամեմատ մեծ գումարներ են տրամադրում նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը բարձրացնելու, առանձնատները վերանորոգելու, նոր ավտոմեքենա ու ինքնաթիռ գնելու համար:

Բացի այդ, եթե նախկինում նշյալ առանձնատունը ծառայել է իր նպատակին, ապա ի՞նչն էր խանգարում վարչապետին առանձնատունը թողնել այն վիճակում, ինչպիսին կա: Գոնե առայժմ: Քանի դեռ «տնտեսական հեղափոխությունը» իրականություն չի դարձել: Թե՞ «տնտեսական հեղափոխություն» ասելով՝ իշխանությունները նկատի ունեին բացառապես իրենց կյանքի բարելավումը: Վարչապետի ուղիղ եթերը քաղաքացիների մոտ առկա կասկածները փարատելու նպատակ ուներ, սակայն տեղի է ունենում հակառակը՝ նոր կասկածներ են ի հայտ գալիս:

Հասկանալի է, որ միայն վարչապետի առանձնատան համար մոտ 200 հազար դոլար է հատկացվել, և եթե դիտարկում ենք Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, թե վերանորոգվող տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար, ապա ստացվում է, որ մյուս 7 առանձնատներից յուրաքանչյուրի վերանորոգման համար 200 հազար դոլարից ավելի գումար է հատկացվել:

Եվ հենց այստեղ է, որ հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ է վարչապետը միայն իր առանձնատան վերանորոգումը հանրությանը ներկայացնելով՝ համարում հարցը փակված, և ինչո՞ւ հանրությանը հաշվետվություն չի ներկայացնում, թե կոնկրետ որքա՞ն գումար է ծախսվել բոլոր մյուս առանձնատների վերանորոգման համար: Ու ընդհանրապես, ժամանակը չէ՞ հասկանալ, որ «լայվերը» գնալով դառնում են ոչ թե թափանցիկ աշխատանքի վկայություն, այլ լրիվ հակառակը՝ գաղտնի քայլերը քողարկելու կամ «սվաղելու» յուրատեսակ միջոց: Հա, օրհնության կարգն էլ ընդհանուր նպատակները չի քողարկում…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930