2017 թվականի ապրիլից ավիաշուկա մուտք գործած «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը առաջիկայում հնարավոր է վերջնականապես լքի Հայաստանը։ Ավիաընկերությունը, հիշեցնենք, տևական ժամանակ է՝ թռիչքներ չի իրականացնում, իսկ վերջին շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղավիացիան 6 ամսով զրկել է ընկերությանը ինքնաթիռների շահագործման իրավունքից, որն էլ վերջնական պատճառ է դարձել ընկերության համար հեռանալու Հայաստանից։
Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն «Ժամանակ»-ի դիտարկմանը՝ խնդիրները ֆինանսակա՞ն են, Քարամյանը պատասխանեց՝ ոչ։
Քարամյանը նաև նշեց, որ իրենք Երևանից թռիչքներ չեն իրականացնում սկսած 2018 թվականի հունվարի 15-ից, իսկ Գյումրիից՝ 2017-ի դեկտեմբերի 31-ից։
«Տարոն-Ավիա»-ի՝ շուկա մտնելուց հետո ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը մինչ այդ շաբաթական 3 չվերթ էր իրականացնում Գյումրի-Մոսկվա ուղղությամբ, թռիչքները դարձրեց ամենօրյա՝ զգալիորեն նվազեցնելով նաև ավիատոմսերի գները: Մինչ այդ, սակայն, Գյումրիից Մոսկվա ամենօրյա չվերթներ չէին իրականացվել: Փաստացի ազգային ավիափոխադրողի կոչմանը հավակնող նրա ընկերությունը ընդամենը 6 ամիս դիմացավ ռուսաստանյան ընկերության մրցակցությանը:
Կարդացեք նաև
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը դիմել էր նաև Հայաստանի ՏՄՊՊՀ՝ բողոքելով ռուսական օդանավակայաններում անհավասար պայմաններ տրամադրելուց, բայց քանի որ խոսքը անդրսահմանային շուկայի մասին էր, հարցը մնացել էր ԵՏՀ–ի գործընկերների տիրույթում։
Ստացվում է, որ պետությունը փաստացի որևէ քայլ չձեռնարկեց ռուսական մեկ այլ ընկերության կողմից իրականացված դեմպինգի պատճառով շուկայից դուրս մղվող ավիաընկերության համար։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: