Ամենագլխավոր խնդիրն այսօր ապագան ցույց տալն է: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ում հետ զրուցել ենք առաջ նայելու հնարավորության, անհանդուրժողականության աստիճանի, ինչպես նաև ներդրումների բացակայության քաղաքական բաղադրիչների մասին:
«Պոտենցիալ ներդրողներին ցույց տալը, որ երկիրը կայուն զարգացման ուղի է բռնել, խնդիր է: Խնդիր է նաև ցույց տալ, որ երկրում կայունություն կա, Հայաստանն անցնցում փուլ է մտել, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն իր քաղաքական խնդիրները լուծել է ու հիմա կայուն զարգացման փուլ է մտել:
Ներդրումների փաստացի ցածր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններին չի հաջողվում թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողներին համոզել կամ հրամցնել այն գաղափարը, որ ամեն ինչ արդեն կայուն է, և այլևս ցնցումներ չեն լինելու: Ընդհակառակը, կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ ապակայունացման զգացումը լինի:
Երբ անընդհատ խոսվում է պերմանենտ ձերբակալությունների, կտրուկ հեղափոխական փոփոխությունների մասին, սկսած դատականից, տնտեսականից, վերջացրած՝ մշակութային հեղափոխության գաղափարով, ապա կարծել, թե գումարները կհոսեն, առնվազն միամտություն է: Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ, չնայած մեծ շահույթների վերաբերյալ խոստումներին, ներդրողները չեն շտապում Հայաստանում գումար ներդնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով նաև օբյեկտիվ պատճառի մասին:
Կարդացեք նաև
«Հայաստանը պատերազմող երկիր է, և այդ փաստը բարձրացնում է ներդրումների ռիսկայնությունը: Իսկ վերոնշյալում նկարագրվածը սուբյեկտիվ պատճառն է՝ մեր իշխանությունների բացթողումն է: Ներդրումների համար նաև հստակ տնտեսական ծրագրեր պետք է լինեն, իշխանությունն իր վրա քաղաքական և տնտեսական որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է վերցնի: Այս առումով Ամուլսարի էպոպեան ամենացայտուն օրինակն է. մեկ որոշում են բացել, մեկ՝ փակել՝ հաշվի առնելով այդ պահի ներքին, արտաքին քաղաքական կոնյուկտուրան, թե տվյալ օրը փողոցում քանի մարդ կա, նաև այն, թե ինչ-որ հիմնադրամներ ինչ տրամադրվածություններ ու քաղաքական նպատակներ ունեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջ նայելու խնդրին՝ քաղտեխնոլոգը նկատում է. «Սեփական իշխանությանը անհաջողություններից անընդհատ ապահովագրելու համար ինչ-որ սաբոտաժնիկների, սևերի-սպիտակների, ռևանշիստների, արտաքին ու ներքին թշնամիների պատճառ բերելն ընդհանրապես հայտնի տեխնոլոգիա է: Այսօրվա իշխանությունը հիմնականում շեշտը դնում է ներքին թշնամիների վրա, և նրանց առկայությամբ է բացատրում, թե ինչու այս կամ այն բանը չստացվեց: Նույն ներդրումների բացակայության պատճառներից մեկը նաև այս խնդիրն է:
Երբ իշխանություններն անընդհատ ազդարարում են, որ երկրում չկա դատարան, չկա այս կամ այն ինստիտուտը, բայց կա մի խուրձ ներքին թշնամի, այդ պայմաններում որևէ ներդրող չի մտնի Հայաստան:
Ավելի խելամիտ կլիներ աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որն ունի որոշակի խնդիրներ, որոնք անպայմանորեն չեն պահանջում վիրահատական միջամտություններ ու մեթոդներ: Բայց մենք հակառակ պատկերն ունենք:
Ավելին, անգամ ներքին ներդրողներն են պասիվ, որովհետև նրանք պարզապես վախենում են: Մտածում են, որ եթե ինչ-որ բան ֆիքսվի, ապա կսկսեն այդ գումարի հետևից գնալ ապօրինի հարստացման, կոռուպցիայի և մյուս հայտնի թրենդների շրջանակում, որոնք մեկուկես տարի է՝ անփոփոխ են:
Բացի այդ, խոշոր գործարարների համար հստակ չէ, թե ինչ ստանդարտներով է շարժվում երկիրը: Մեկին բռնում ու պահում են ամիսներով, մյուսին բռնում են, փողը վերցնում ու բաց թողնում:
Չկան հստակ ստանդարտներ, թե, ի վերջո, որ խաղի կանոններն են աշխատում: Իհարկե, պարզ է, որ խոշոր բիզնեսը այսօրվա իր հսկայական կապիտալը չէր կարող զուտ օրենքի շրջանակներում ձեռք բերել: Ու այս պարագայում նախընտրում են ընդհանրապես ջրի երես դուրս չգալ, որ հանկարծ ֆեյսբուքյան ինչ-որ անհասկանալի զանգված չսկսի պահանջ ներկայացնել այն հարցադրմամբ, թե ինչո՞ւ այս մեկին չեք բռնում:
Այս պատճառներից ելնելով՝ նախընտրում են սպասել: Թե որքան կսպասեն՝ հարց է, բայց փաստն այն է, որ ժամանակն ի օգուտ երկրի չէ, որովհետև այդ գումարները պետք է աշխատեին Հայաստանի համար»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: