Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունն առաջնային է

Նոյեմբեր 05,2019 10:00

Մայրն իր 10 տարեկան որդու հետ քայլում է փողոցով, եւ երեխան վախեցած ձայնով մոր ուշադրությունն է հրավիրում 2-3 բավականին խաղաղ (հավանաբար, թափառող) շների վրա. «Մա՛մ, նայի՝ շների ոհմակ»: Երեխան վերջերս այնքան հաճախ է լսել այդ բառակապակցությունը, որ նրան թվում է, թե մեկից ավելի շունն արդեն իսկ ագրեսիվ ոհմակ է, որը պատրաստ է ուտել ոչ միայն կենգուրուներին եւ մուֆլոններին, այլեւ մարդկանց: Իհարկե, կենդանիների նկատմամբ նման «տագնապալի» վերաբերմունքն ի սկզբանե մերժելի է՝ որտեղ կա վախ, այնտեղ վաղ թե ուշ ծնվում է ատելությունն ու թշնամանքը: Մտավախությունների առիթ պետք է լինեն ոչ այնքան կենդանիների, որքան մարդկային «ոհմակները», այսինքն՝ «կոլեկտիվ», ոչ անհատական մտածողությունը, երբ ընտրվում է որեւէ թիրախ եւ հարձակման ժամանակ վերանում են անհատական տարբերությունները՝ իրար քաջալերելով մարդիկ կատարում են միեւնույն գործողությունները:

Օրինակ, երբ որեւէ մեկը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի հարցում կարող եւ սխալ լինել, իսկույն ֆեյսբուքում հայտնվում է վարչապետի բուռն երկրպագուների «ոհմակը» եւ սկսում է չափազանց հուզական եղանակով պաշտպանել իր կուռքին՝ չնայած երկրի ղեկավարը նման պաշտպանության կարիք չունի: Բայց սեր է՝ ինչ արած:

Հակառակ ճամբարում նույն տրամաբանությունն է: Եվ հիմա որպես թիրախ ընտրվել է ԿԳՄՍ նախարարը: Միանգամից ասեմ, որ Արայիկ Հարությունյանն «իմ սրտի նախարարը» չէ: Ինչպես ցանկացած հեղափոխական, նա օժտված է որոշակի հատկանիշներով (օրինակ, մեծամտությամբ, որը սերում է այն համոզմունքից, թե իրենցից առաջ ամբողջ պատմությունը սխալների եւ հանցագործությունների շղթա էր), որոնք ներդաշնակ չեն պետական մոտեցման հետ ու խանգարում են մասնագետների հետ շփումներին: Բայց այդպիսի ժամանակներում ենք մենք ապրում. հեղափոխությունից հետո նման պաշտոն չի կարող զբաղեցնել ապաքաղաքական մտավորականը:

Սակայն այն հարձակումը, որն այժմ է տեղի ունենում Արայիկ Հարությունյանի ուղղությամբ, որեւէ փաստական հիմք չունի: Ընդ որում՝ հարձակվողների մեծամասնությունն են կազմում մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, որ ինչ-որ փողոցային ներկայացում կամ ինչ-որ ռոք-խմբի համերգ կարող է կործանել մեր ազգային արժեքային համակարգը: Բայց կան մի քանի ցինիկներ, որոնք շատ լավ հասկանում են, որ օրակարգը կեղծ է, սակայն միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ քաղաքական-քարոզչական նպատակներով:

Արայիկ Հարությունյանի դիրքերն այս հարցում անխոցելի են: Ներկայացման կամ որեւէ այլ ստեղծագործության «թույլատրելիությունը» որոշում է գեղարվեստական խորհուրդը: Եթե նախարարը որոշի կամ արգելի՝ դա կլինի ուղղակի գրաքննություն, որն արգելված է ՀՀ սահմանադրությամբ:

Ինչպես եւ խոսքի ազատության պարագայում, այս՝ ստեղծագործական ոլորտում էլ ազատությունն առաջնային է, մնացածը (եթե օրենքի խախտում չկա)՝ երկրորդական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան, չեմ ուզում խոսքս վիրավորական հնչի, բայց ասեմ՝ մանիպուլացիայի է նման ձեր պնդումը, թե ինչ-որ փողոցային ներկայացում կամ ինչ-որ ռոք-խմբի համերգ չի կարող կործանել մեր ազգային արժեքային համակարգը: Մեկը չի կարող: Ձեր բառերով ասաց ոհմակը կարող է: Մեկ ծաղկով գարուն չի գալիս, բայց մեկ ծաղիկն է՝ ձնծաղիկը ազդարարում գարնան գալուստը: Մեկ վտանգավոր ներկայացումը, նշանակում է, որ մեր երկրում սկսվելու է վտանգավոր եւ սպառնալիքներով լեցուն ներկայացումների անվերջ շարք:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Քանի՞ լումա արժե այն «արժեքային համակարգը», որը կարող է «կործանվել» մի քանի ռոք-երաժիշտների անկապ տվայտանքներից: Կամ ի՞նչ ասել է ընդհանրապես «արժեքային համակարգ». կոնկրետ ո՞ր արժեքներն են այդպես սարսռում գազան ռոքից ու վիշապ բլյուզից… 🙂

  2. Սասուն says:

    Պարոն Աբրահամյան Նարեկը շատ ճիշտ է ասում:

  3. Սասուն says:

    Մշակույթի նախարարությանը եթե ցենզուրա չլինի տա արտեն մշակույթի չէ, այլ «առանց ցենզուրայի նախարարություն» պետք է կոչվի: Մեկ վտանգավոր ներկայացումը, նշանակում է, որ մեր երկրում սկսվելու է վտանգավոր եւ սպառնալիքներով լեցուն ներկայացումների անվերջ շարք: Շուտով ոհմակները կլցվեն քաղաք:

    • Ջորդանո Գալիլյան says:

      վտանգավոր եւ սպառնալիքներով լեցուն ներկայացումների անվերջ շարք: Շուտով ոհմակները կլցվեն քաղաք:

      Ոչ ոք ձեզ չի խնդրում կամ ստիպում նայել այդ ոհմակների ներկայացումները: Ուզում եք՝ նայեք, չեք ուզում՝ մի նայեք: Ես, օրինակ, չեմ նայում ռաբիզ ոհմակների ներկայացումները եւ չեմ էլ կարծում, թե նրանց քաղաք լցվելը կարող է սպառնալիք լինել կամ ինչ-որ մի վտանգ ներկայացնել: Եւ իմ մտքով անգամ չի անցել կոչ անել արգելել ռաբիզը ու Սպիտակցի Հայկոյին էլ զրկել երգելու իրավունքից…

  4. Վախթանգ Սիրադեղյան says:

    <Ներկայացման կամ որեւէ այլ ստեղծագործության «թույլատրելիությունը» որոշում է գեղարվեստական խորհուրդը: Եթե նախարարը որոշի կամ արգելի՝ դա կլինի ուղղակի գրաքննություն, որն արգելված է ՀՀ սահմանադրությամբ:
    Դրամաշնորհի տրամադրումն արդեն ենթադրում է, որ պետական տվյալ կառույցը, որի ղեկավարը նախարարն է, արդեն հավանություն է տվել և կամ թույլատրել է այդ ներկայացումը՝ հակառակ դեպքում ֆինանսավորումը տեղի չէր ունենա:

  5. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ընդ որում՝ հարձակվողների մեծամասնությունն են կազմում մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, որ ինչ-որ փողոցային ներկայացում կամ ինչ-որ ռոք-խմբի համերգ կարող է կործանել մեր ազգային արժեքային համակարգը:>
    Կործանել չի կարող, սակայն կարող է ունենալ Օվերտոնի պատուհանի էֆեկտը, որը հետագայում կտանի արժեքների վերաիմաստավորման՝ ճիշտ կամ սխալ ուղղությամբ:

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  6. Ruben says:

    Եվս մեկ մաստակ ավելացնեմ՝ ո՞վ է ֆինանսավորում և ու՞մ հաշվին…ծամեք…

  7. Ara Shahbazian says:

    Իսկ հանձնաժողովի անդամներին Շմա՞յսն է ընտրել…

  8. Alfred says:

    միայն իր մեծամտության համար պետք է հեռացնել պաշտոնից

  9. henri says:

    Իմ տպաւորութիւնս այն է որ այս նախարարը ,բարձունքներէն սաւառնող , միտում ունի յատուկէն ՛՛ մտաւոր գիջութեամբ՛՛ զբաղելու ,ուշադրութիւն գրաւելու մարմաջէ տարուած,որուն ատենը չէ բացարձակապէս ,այս օրերուն ․

  10. Ջորդանո Գալիլյան says:

    Արայիկ Հարությունյանն արժանի է հարգանքի արդեն իսկ նրանով, որ պորտաբույծ տերտերին դուրս հրավիրեց պետական դպրոցից։ Պետական մտածելակերպ ունեցող նորմալ քաղաքացիները պետք է շնորհակալ լինեն, որ նախարարը լուսավոր 21-րդ դարից.է, այլ ոչ թե մթին միջնադարից։ Առնվազն ծիծաղելի է, երբ կրոնական անհեթեթությունների ու վայրենի ադաթների երկրպագուները հանդես են գալիս «ազգային արժեքների» պաշտպանության քողի տակ։ Իրականում դրանք, իհարկե, Իսլամական պետության, Սուդանի ու Աֆղանստանի «արժեքներն» են, իսկ քաղաքակիրթ ազգերը վաղուց արդեն պատմության աղբարկղ են նետել այդ նախնադարյան բեռը՝ որպես հետամնացության, տգիտության ու վայրենության նշան…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930