Հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հարազատ զավակ լինելու պնդումների՝ քայլեր են արվում դպրոցական ծրագրից հանելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, բուհական պարտադիր կրթական ծրագրերից հանելու «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները: Առաջարկվում է այդ առարկաները դարձնել ընտրովի դասընթացներ. կուզեն կսովորեն, չեն ուզի՝ չեն սովորի: Փոխարենը՝ դասաժամերը կտրվեն մասնագիտական առարկաներին: Ի՞նչ է պետք, որ Արայիկ Հարությունյանը հասկանա՝ լեզուն մտածողության հիմքն է: Միայն սեփական լեզվի ու մշակույթի հիմքի վրա է հնարավոր ինքնություն պահպանել: Թե՞ դա խնդիր չէ: Նոր Հայաստանում հայ լինելը կարևոր չէ, կարևոր է մասնագետ լինելը: Կասեք՝ աբսուրդ է: Հետո ի՞նչ: 21-րդ դարում կրթական համակարգը պետք է լինի տրանսազգային, անդեմ, անբովանդակ ու անհետևանք: Գաղափարական պակասը կլրացնեն մարդու ինքնուրույն սեռաորոշման ազատության իրավունքի պաշտպանության ու մշակույթի անարխիայի պաշտոնական «դասընթացները» գրքերի, ֆիլմերի, համերգների, ֆուտուրիստական «ներկայացումների», լայվերի տեսքով: Լեզուն մտածողության ոչ միայն հիմքն է, այլև որոշարկում է ձևն ու բովանդակությունը: Չես տիրապետում սեփական լեզվիդ, չես դառնալու մասնագետ ոչ մի ոլորտում: Հանճարեղ գյուտերդ մնալու են անհայտ՝ անհոդաբաշխ մտքիդ ու խոսքիդ պատճառով:
Բուհերից հանել հայոց լեզվի ու գրականության դասաժամերը նշանակում է ուսանողին զրկել այլ առարկաները լիարժեք ուսանելու հնարավորությունից: Խաչ քաշել պատմության վրա՝ նույնն է: Իմա՝ հրաժարում ինքնությունից, եթե հրաժարվում ես քո ինքնությունից, հրաժարվում ես և այդ ինքնության տարածքից՝ հայրենիքից: Որ նույնպես դառնում է տրանսազգային, դու գերմարդ ես, որ հայրենիք չունի, աշխարհաքաղաքացի, ում խնդիրը կյանքում… մասնագետ դառնալն է: Ասենք՝ ֆիզիկոս: Ոչ, ի՞նչ ֆիզիկոս, միայն ու միայն բարձր տեխնոլոգիաներ, որոնց մասին պատկերացումը Հայաստանում աղավաղված է: Բարձր տեխնոլոգիաներին տրված է բարեկեցության դրախտի բանալու դեր, «ինչպե՞ս»-ի հարց չի ծագում: 21-րդ դարն է: Ո՞ւմ է հետաքրքրում, որ բարձր տեխնոլոգիաներ զարգացնել կարող են տնտեսապես զարգացած պետությունները, որ կարող են ֆինանսական ներդրումներ անել կադրերի ուսուցման մեջ ու կարող են ապահովել աշխատատեղ իրենց ուսուցած կադրերին: Փոխարենը միջազգային ասպարեզում զրնգուն հայտարարություններ կարվեն, ներդրումներ կակնալվեն, իսկ ինչպե՞ս կծախսվեն:
Ցանկացած հասարակության զարգացման հիմքում նախ փիլիսոփայությունն է, բոլոր նախադրյալները նախ ստեղծվում են մտքի մեջ, հետո են տեղափոխվում իրականություն: Կամ մնում են անհայտության մեջ, եթե հասարակությունը ունակ չէ իմաստավորել իր ցանկությունները ու արժեհամակարգ դարձնել: Բնագիտության զարգացման հիմքում նույն փիլիսոփայությունն է: Պետության պարտքն է հայապահպանությունը, մինչդեռ մենք ինքնության ճանաչումը փոխարինում ենք… սեռի ճանաչումով: Սա հակաքաղաքականությունը քաղաքականություն ներկայացնելու փորձ է, որին շատ եռանդուն ձեռնամուխ է եղել սուպերնախարարը՝ իր սուպերաշխատավարձի հանգույն: Բարոյակա՞ն է նրա աշխատավարձի չափը, երբ համեմատում ենք ուսուցչի կամ դասախոսի աշխատավարձի հետ: Թե՞ աղքատությունը պետք է վերացնել միայն նախարարական մակարդակում: ՈՒ տնտեսական հեղափոխության շրջագծում միայն ՔՊ քայլածներն են:
Գաղափարազրկումը այն ախտն է, որ համաճարակ է դառնալու՝ ասպարեզ բերելով կակղամորթների ու մանկուրտների սերունդ, որ հայրենիք չունի: Դավանանք չունի ու չունի պատմություն՝ որտեղ հաց, էնտեղ կաց:
Կարդացեք նաև
Դավանանքի մասին. ոմանց թվում է, թե եկեղեցին շինություն է, հավատը՝ մոմավառություն ու Աստծուն աղոթքների տեսքով պահանջներ ներկայացնելու ծես: Առավելագույնը՝ եկեղեցում կնունք-հարսանիք-հոգեհանգիստ: Հենց այդ «ոմանց» խավար միտքը լուսավորելու համար հանրակրթական դպրոցներում պիտի դասավանդվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Որ հասկանան՝ ինչ է հավատը, ինչ է եկեղեցին, ո՞վ են իրենք: Փոխարենը առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ քննարկման՝ նախարարը հայտարարում է, որ այդ առարկան ավելորդ է, ծանրաբեռնում է աշակերտներին: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է 15 տարի և ոչ մի հիմք չկա առարկայի անվանափոխության կամ բովանդակափոխության: Ընդամենը պետք է հասկանալ, որ կյանքում կան տաբուներ, որ հնարավոր չէ անպատիժ խախտել: Այդ տաբուները առաջին հերթին վերաբերում են պետությանը, ինքնիշխանությանը, ինքնությանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում